‹‹Արդար քվեաթերթիկը պետք է փամփուշտից զորեղ գտնվի›› Է.Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը՝ ԱԺ նիստերի դահլիճում՝ փետրվարի 7-ին.
Հարգելի խորհրդարան,
Մեկնարկել է այս գումարման խորհրդարանի վերջին գարնանային նստաշրջանը և քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ավելին, նախընտրական կրքերն օրեցօր կարծես թե ակտիվանում են, իսկ որոշ ուժերի համար հաջորդ խորհրդարանում մանդատի լինել-չլինելը դարձել է ամենաարդիական հարցը:
Կարծում եմ՝ քաղաքական ներկապնակը բավականին բազմագույն է՝ իշխանություն, ընդդիմություն, որը բազմաշերտ է, խորհրդարանականից մինչև նախկին պաշտոնյաների ակումբ:
Հարգելի խորհրդարան,
Եթե որոշ քաղաքական ուժերի և գործիչների համար շեքսպիրյան մոտիվներն ամենաառաջնայինն են, ապա մեր՝ Հանրապետականի համար գերխնդիրն այլ է: Մենք արել ու անելու ենք հնարավորը, որպեսզի խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և ժողովրդավարական:
Մենք պայքարելու ենք հանուն.
- հանուն ուժեղ Հայաստանի, որտեղ չկան ներքին թշնամիներ, այլ կա միայն գաղափարական մրցապայքար,
- հանուն ազգային և հոգևոր Հայաստանի, որտեղ առաջնայինն ազգային և քրիստոնեական արժեքներն են,
- հանուն համերաշխ Հայաստանի, որտեղ չկան մերոնք և ձերոնք,
- հանուն անվտանգ Հայաստանի, որտեղ մեր հայրենիքի և քաղաքացու անվտանգությունն ու տնտեսական առաջընթացն առաջնայինն է,
- հանուն արդար Հայաստանի, որտեղ չեն լինի երկակի չափանիշներ և օրենքից իրենց վեր դասող չինովնիկներ,
- եւ վերջապես հանուն ժողովրդավարական Հայաստանի, որտեղ ամեն ինչ կորոշի քաղաքացու ընտրությունը, կամ ինչպես կասեր Լինքոլնը, որտեղ արդար քվեաթերթիկը փամփուշտից ավելի զորեղ կլինի:
Շնորհակալ եմ ուշադրության համար: