211652_close_icon
views-count12259 դիտում article-date 18:09 07-02-2017

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական անակնկալ այցը կատարեց, այս անգամ՝ Վայքի, Եղեգնաձորի և Արտաշատի ավտոկայարաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական անակնկալ այցը կատարեց, այս անգամ՝ Վայքի, Եղեգնաձորի և Արտաշատի ավտոկայարաններ: Վայքի ավտոկայարանում առաջին հայացքից անմիջապես աչքի ընկավ սպիտակ համարանիշներով և «Երևան» ցուցանակով երթուղայինը, որն, ըստ ամենայնի, պատրաստվում էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնել։ Երթուղայինի վարորդին չհաջողվեց գտնել։ Ավտոկայարանի պետը կամ երթակարգավարը նույնպես տարածքում չէին։ Դռները փակ էին։ Հպանցիկ հայացքից էլ հասկանալի էր, որ այն չի գործում։ Մուտքի մոտ կուտակված ձյան հաստ շերտն էլ փաստում էր, որ արդեն երկար ժամանակ այդպես է։ Քիչ անց վերադարձավ նաև իրեն «դիսպետչեր» ներկայացնող անձը՝ Արման անունով։ Թե ինչ գործ ունի ավտոկայարանի տարածքում սպիտակ համարանիշներով մեքենան, նրա պատասխանը, մեղմ ասած, անհասկանալի էր. «Կանգնեցրել ենք, որ ուղևորներն իմանան Երևան գնացող մեքենա կա, սպասեն, մինչև դեղին համարներով երթուղայինը կմոտենա։ Ավտոկայարանի դռներն էլ փակ են, քանի որ վերանորոգման աշխատանքներ են սկսել»։Եղեգնաձորի ավտոկայարանի շենքի դռները բաց էին։ Ներսում եղած միակ դռան վրա էլ գրված էր՝ ոսկերիչ։ Պարզվեց ոսկերիչը հենց ավտոկայարանի պետն է, ում անմիջական պարտականությունները սահմանափակվում էին իր ոսկերչական գործունեությամբ։ Իսկ միջմարզային և ներմարզային երթուղիները «կանոնակարգվում» էին ավտոկայարանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ։ Վահան Մարտիրոսյանն ավտոկայարանի պետին հորդորեց. «Միջմարզային երթուղիները պետք է ուղևորվեն ավտոկայարանից»։ Նախարարի ուշադրությունը գրավեց նաև ավտոկայարանի տարածքում գործող մթերային խանութը։ Կայարանի պետը մանրամասնեց՝ այս տարածքն էլ վարձակալությամբ է տրված: Արտաշատում իրավիճակը քիչ այլ էր։ Այստեղ շենք ու դրանից բխող հարմարություններ չկան։ Ավտոկայարան ասվածը սառցակալած բաց տարածք է, որտեղ ելումուտ են անում հիմնականում Երևան գնացող և գյուղերը սպասարկող տրանսպորտային միջոցները։ Տարբեր անկյուններում տեղադրված երկու տաղավարները դիսպետչերական կետերն են։ Մեկը կանոնակարգում է միջմարզային, մյուսը՝ ներմարզային երթուղիները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր