9530 դիտում
20:53 30-01-2017
«Լուսավոր սահման»-ը՝ Տավուշի Վազաշեն և Այգեպար համայնքներում. Բանակի օրը վերածեց կրկնակի տոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն և Այգեպար համայնքներում Հայոց բանակի կազմավորման օրը նշանավորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ:
«Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր բարեգործական առաքելության հերթական թիրախ էր ընտրել հենց նշված համայնքները: Նախաձեռնության ներկայացուցիչները` մոտ 40 կամավոր-աջակիցների հետ միասին, ս.թ. հունվարի 28-ին այցելեցին սահմանամերձ այս համայնքներ` էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերի հերթական խմբաքանակը տրամադրելու ընդհանուր թվով մոտ 390 ընտանիքի:
Հատկանշական է, որ գնալով ընդլայնվում է նախաձեռնության համակիրների բանակը: Տավուշ այցելած խմբին էին միացել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի գերմանացի փորձագետը, ով նախագծին ծանոթացել էր Երևանում վերջին օրերին անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակում և մեծ ոգևորությամբ պատրաստակամություն հայտնել միանալ խմբին, ինչպես նաև ամերիկահայ կին, ով ներկայում հաստատվել է Իջևանում և բարեգործական գործունեություն է ծավալում Տավուշի սահմանամերձ համայնքներում:
«Լուսավոր սահման»-ի ներկայացուցիչները նախ հանդիպում ունեցան վերոնշյալ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, նրանց ներկայացրին նախաձեռնության նպատակները և խնդիրները, ինչպես նաև բացատրեցին էներգախնայող լամպեր օգտագործելու առավելություններն ու օգուտները:
Բնակիչները մեծ ոգևորությամբ և երախտագիտությամբ ընդունեցին նման կարևոր առաքելության հանգրվանն իրենց համայնքներում` նշելով, որ իրենց համար ցանկացած խնայողություն մեծ նշանակություն ունի:
«Լուսավոր սահման» նախաձեռնության կազմակերպիչներից Հայկ Շեկյանի խոսքով` պատահական չէ, որ սահմանամերձ համայնքներ այցելության համար ընտրվել է հենց Հայոց բանակի տարեդարձի օրը: «Հայոց բանակն ուժեղ է նաև սահմանը պահող ժողովրդի օգնությամբ: Մենք պետք է այնպիսի հնարավորություններ ստեղծենք սահմանամերձ համայնքների բնակիչների համար, որպեսզի կանխենք արտագաղթը: Իսկ այս նախաձեռնությունը զգալի ներդրում կարող է ունենալ այդ գործում»,- նշեց Հայկ Շեկյանը:
Հավելենք, որ մինչ այժմ «Լուսավոր սահման» նախաձեռնության շրջանակում էներգախնայող լամպերով ապահովվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Դովեղ, Ոսկեպար, Բերքաբեր համայնքների ընդհանուր թվով 784 ընտանիք:
«Լուսավոր սահման» բարեգործական նախագծի նպատակն է լուսադիոդային լամպեր նվիրաբերել Հայաստանի և Արցախի բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչներին` ստեղծելով նրանց համար երկարաժամկետ տնտեսման միջոց և նպաստելով ողջ երկրում ավելի արդյունավետ ու որակյալ լուսադիոդային (LED) լամպերի տարածմանը: Անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները նախատեսվում է հավաքագրել բարեգործական դրամահավաքի միջոցով: Նախաձեռնության բոլոր մանրամասները հասանելի են www.ledify.am կայքում և «Լուսավոր սահման-Bright Border» ֆեյսբուքյան էջում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2168 դիտում
11:48 27-10-2015
Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում զարգացվում է մեղվաբուծությունը
1311 դիտում
15:30 24-03-2021
Վերանորոգվել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի համայնքների դպրոցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2227 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
685 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
634 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի