211652_close_icon
views-count2204 դիտում article-date 11:48 27-10-2015

Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում զարգացվում է մեղվաբուծությունը

Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում զարգացնում են մեղվաբուծությունը: Նշված համայնքների հինգ ընտանիքների հատկացվել են մեղվափեթակներ, որպեսզի բնակիչները դրանք դարձնեն մեղվաբուծական տնտեսություններ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում` «Իջևան» երիտասարդական դաշինք» հասարակական կազմակերպության կողմից: «Աշխատանքային պայմաններ սահմանամերձ գյուղական համայնքների ականապատման պատճառով սեփականությունից զրկված բնակչության համար» խորագրով ծրագրի նպատակն է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում սեփականությունից զրկված առավել խոցելի խմբերի համար ստեղծել մեղվաբուծության հնարավորություն` այդպիսով սահմանամերձ գյուղական համայնքներում զարգացնելով սոցիալ-տնտեսական ոլորտը: Ուսումնասիրությունները և համայնքապետարանների տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանին սահմանամերձ համայնքների հողամասերի մոտ 20%-ը գտնվում է պաշտպանական նպատակներով կատարված աշխատանքների գոտում (ականապատված են կամ պաշտպանիչ խրամատներ են կառուցված):Սա նշանակում է, որ համայնքների շատ բնակիչներ զրկվել են իրենց սեփականությունից: Ուստի ծրագրի շրջանակներում սեփականությունից զրկված վերոնշյալ խմբերի համար փորձ է արվում ստեղծել գյուղատնտեսության և արտադրության այլ ճյուղերով զբաղվելու հնարավորություն` մեղմելու բնակիչների խնդիրները: «Իջևան» երիտասարդական դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Արարատ Գևորգյանը նշեց, թե ինչու են հատկապես ընտրել մեղվաբուծությունը. «Մեղվաբուծությունը նպատակահարմար է հատկապես սահմանի համար, քանի որ տարածքի խնդիր չկա: Մեղուն սահմաններ չի ճանաչում, այն օգտագործում է նաև թշնամու տարածքը, ուստի ցանկացած ընտանիքի փոքրիկ հողատարածքում կարելի է մեղավաբուծական մի մեծ տնտեսություն հիմնել: Մյուս կողմից ծայրահեղ դեպքերում մեղվաբուծական բիզնեսը կարելի է տեղափոխել այլ վայրեր, այդ բիզնեսը չի արժեզրկվում»: Արարատ Գևորգյանը տեղեկացրեց, որ Այգեհովիտ և Վազաշեն համայնքների հինգ ընտանիքների տրվել են մեղվաընտանիքներ, որպեսզի նրանք կարողանան զարգացնել մեղվապահությունը: Զուգահեռ համայնքի բնակիչների համար կազմակերպվել են նաև մեղվաբուծության վերաբերյալ ամբողջական, խտացված դասընթացներ: Արարատ Գևորգյանը նշեց. «Սեփականությունից զրկված բնակչության խնդիրները այսպիսով գոնե ինչ-որ կերպ հնարավոր կլինի մեղմել: Մեղվաբուծության զարգացմամբ հետագայում հնարավոր կլինի ստեղծել աշխատատեղեր: Հետևողական ենք լինելու, որպեսզի այդ մեղվաընտանիքները հետագայում դառնան մեղվատնտեսություններ»: Վազաշեն և Այգեհովիտ համայնքներում արդեն ստեղծվել է նաև մեղվաբույծների միավորում: Ծրագրի ղեկավարը նշեց, որ սահմանամերձ այս համայնքների բնակիչները ցանկություն ունեն սովորել, աշխատել, իրենց ընտանիքները պահել, սակայն պայմաններն են ոչ բարենպաստ. դասընթացների անցկացման ժամանակ էլ կրակոցներ են հնչել: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր