211652_close_icon
views-count2908 դիտում article-date 16:35 30-01-2017

Լիբանանում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակի կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությանությունը և հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Լիբանանի հարավային Շամա զինավանում տեղակայված UNIFIL-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան հատված» կենտրոնակայան: Կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ դեսպանության, UNIFIL-ի հայկական զորախմբի և հայ համայնքի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառում, որին ներկա էին խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ուգո Չիլլոն, տարբեր երկրների զինծառայողներ։ Պաշտոնական արարողության ընթացքում 5-րդ զորախմբի հրամանատար՝ կապիտան Կարեն Աթոյանը ողջունեց ներկաներին` շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ռազմի դաշտում զոհված բոլոր հայ զինվորների վառ հիշատակը: Այնուհետև, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր ելույթում ներկայացրեց Հայոց բանակի կազմավորման քառորդդարյա դժվարին, բայց միևնույն ժամանակ փառավոր ուղին՝ նշելով, որ Հայոց բանակը, պաշտպանելով Հայաստանի անկախությունը, միաժամանակ ողջ հայ ժողովրդի ազատատենչ ոգու մարմնավորումն է։ Դեսպանն առանձնահատուկ շնորհավորեց հայկական զորախմբին՝ միջազգային անվտանգության ապահովման շրջանակներում իրականացվող իրենց գնահատելի ծառայության և Հայաստանի Հանրապետության ու ՀՀ Զինված ուժերի հեղինակությունը մշտապես բարձր պահելու համար: Ապա, դեսպան Մկրտչյանը ՀՀ բանակի 25-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց զինավանի սպայական անձնակազմին և հայ զինծառայողներին: Լիբանանի հայոց թեմի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Մկրտիչ քահանա Քեշիշյանը բարի ծառայություն մաղթեց և իր օրհնությունը փոխանցեց զինվորներին: Միջոցառման ավարտին հյուրերը ճաշակեցին հայկական ուտեստներ:

Նմանատիպ նյութեր