211652_close_icon
views-count71628 դիտում article-date 10:38 22-01-2017

Մատաղիսի դիրքապահներին հաց բերող Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

1996 թվականին Արմավիրի մարզի Արևիկ գյուղում ծնված Գոռ Կարապետի Կիրակոսյանը պատասխանատվության բարձր զգացում ունեցող, խելացի և աշխատասեր տղա էր: Սովորեց հարազատ գյուղի դպրոցում, որտեղ աշխատում էր նաև նրա մայրը և ծնողական ուշադրությունը, հոգատարությունը և խնամքը չպակասեց նրա գլխից անգամ դպրոցում գտնվելու պահերին, սակայն նա ինքն էլ կարգապահ և զգոն տղա էր և ավելորդ հուզումների առիթ չէր էլ հանդիսանում երբեք: Դեռ պատանեկան տարիքից տարվել էր հարազատ հորեղբոր արհեստով՝ ավտոէլեկտրիկությամբ, ինչով էլ հետագայում զբաղվեց նաև բանակում: 2014 թվականի հուլիսի 4-ին Գոռ Կիրակոսյանը զորակոչվեց բանակ՝ ծառայության անցնելով Արցախ աշխարհի Մատաղիսի պաշտպանական շրջանում՝ որպես սահմանապահ զինվոր: Սահմանապահի մասնագիտությունը յուրացնելուց հետո անցավ Արցախա-ադրբեջանական սահմանը հսկելու բարդ և պատասխանատու առաքելությանը, իսկ դիրքերից իջնելուց հետո զբաղում էր իր զորամասի մեքենաների վերանորոգմամբ: Ծառայությունից երբեք չէր բողոքում, փոխարենն՝ աչքի էր ընկնում կարգապահությամբ և օրինակելիությամբ, արժանանում էր հրամանատարների խրախուսանքին: Դիրքերից իջնելուց հետո իր ծառայակից ընկերներին անհրաժեշտ պարենով ապահովումը շարքային Գոռ Կիրակոսյանի համար սրբազան պարտականություն էր: Դա ապացուցվեց Ապրիլյան պատերազմի օրերին, երբ նա առաջինն եղավ, ով համարձակվեց, թշնամու կողմից դիտարկվող, մշտապես արկակոծվող և հրետակոծվող ճանապարհներով մեր հայկական կողմի սահմանապահ զինվորներին սննդով, զենքով և անհրաժեշտ ջրի պաշարով ապահովել: Ապրիլի 5-ի դրությամբ Գոր Կիրակոսյանն արդեն հասցրել էր, մի քանի անգամ կտրել ադրբեջանական կողմից դիտարկվող ճանապարհն ու ցուցաբերելով իր խիզախությունը՝ մեր դիրքերին ապահովել անհրաժեշտ պարենով, այդպիսով կասեցրել թշնամու առաջխաղացումը դեպի մեր պաշտպանության խորքը, սակայն, ավաղ, բախտը չշարունակեց ժպտալ նրան և հերթական մարտական առաջադրանքի կատարման ժամանակ Գոռ Կիրակոսյանն ընկավ մարտի դաշտում՝ հակառակորդի արձակած արկից: Հունվարի 21-ին, արևիկցիներն ու արմավիրցիները հավաքվել էին Արմավիրի Կարմիր ակումբի դահլիճում՝ միասին տոնելու հերոսացած հայորդու ծննդյան 21-րդ տարելիցը: Հանդիսության համերգային մասից հետո խոսքը տրվեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության ղեկավար խորհրդի անդամներ Արամայիս Քոսակյանին և Ալլա Նիկողոսյանին, ովքեր ՂՊՎ միության նախագահ Յուրի Միքայելյանի անունից Գոռ Կիրակոսյանի ծնողներին փոխանցեցին ՂՊՎ սահմանած և Գոռ Կարապետի Կիրակոսյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանը: , Այնուհետև միջոցառման մասնակիցներն ուխտաբար եղան նաև հերոսացած հայորդու հայրենի Արևիկ գյուղում որտեղի գերեզմանատանը գտնվող նրա գերեզմանի առաջ Արմավիրի կայազորի ավագ գնդերեց Տեր Արիս քահանա Խաչատրյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի և գերեզմանի օրհության կարգ: Հնչեց նաև հայ ժողովրդի, եկեղեցու և զինվորների համար կատարվող Պահպանիչ աղոթքը, որից հետո ներկաները խունկ ծխեցին և ծաղիկ խոնարհեցին հերոսացած հայորդու շիրմաքարի առաջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր