Ընտրությունները կարող են թափանցիկ անցկացվել նաև առանց տեսախցիկների. ԿԸՀ նախագահ
Ընտրությունները կարող են թափանցիկ անցկացվել նաև առանց տեսախցիկների: Լրագրողների հարցին ի պատասխան` այսօր նման տեսակետ է հայտնել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Իհարկե, շատ լավ կլինի, որ տեղադրվեն այդ տեսախցիկները, դրանք լինեն տեղամասերում, բայց հարցի այն մոտեցումը, թե արդյո՞ք դա կազդի թափանցիկության առումով, թե ոչ, ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք առանց այդ էլ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին տալիս են լիարժեք հնարավորություն հետևել ընտրական բոլոր գործընթացներին և իրականացնել հանրային վերահսկողություն»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը տեղեկացրեց նաև, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու պատրաստ ընկերության պահանջած գումարը շատ ավելին է, քան նախատեսված էր այդ գործառույթի իրականացման համար։
Նշենք, որ Ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման դրույթն ամրագրված է նոր Ընտրական օրենսգրքում: