Վարչապետը հանձնարարել է ԿԳ նախարարին դպրոցներում օտար լեզուների ուսուցման բարելավման առաջարկություններ ներկայացնել
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել հանրակրթական հաստատություններում օտար լեզուների ուսուցման բարելավման ուղղությամբ առաջարկություններ և իրականացման ժամանակացույց։ ԿԳ նախարարի ուշադրությունը հրավիրելով հարցի վրա՝ վարչապետը կարևորել է մեր կրթական համակարգում օտար լեզուների, ինչպես նաև բիզնես և ֆինանսական դասընթացների ապահովումը:
Վարչապետը նաև հանձնարարել է պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ իրականացնել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերի գույքագրում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցում կանխատեսվում է 2017 թ. ընթացքում ներդրումների իրականացում՝ հստակ նշելով կանխատեսվող ներդրումների ծավալները:
«Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թ. իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում, ներդրումների աղբյուրը կարող է լինել տարբեր՝ վարկային, բյուջետային և այլն: Մենք խոսել ենք յուրաքանչյուրի հետ, այդ թվերը ձեզ մոտ պատրաստ են, ամփոփ կներկայացնենք, թե կառավարությունն ինչ ներդրումային ծրագիր է ստանում»,- ասել է վարչապետը: