Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել եռամսյա ժամկետում. Կարեն Կարապետյան
Կառավարության հերթական նիստի սկզբում այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Էներգետիկայի և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ:
«Նախարարներին հանձնարարվում է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետն պարզաբանեց, որ հանձնարարականի նպատակը նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունն է: Ելնելով դրանից՝ կարևորվում է նաև տարածաշրջանի երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը:
«Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի փոփոխության միտումները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր ուղղությունների կառուցումն ու էներգետիկ հարթակում իրականացվող լայնածավալ ներդրումները և այլ հարցեր՝ պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչի կարիք ունենք մենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: