8077 դիտում
20:24 07-01-2017
Հալեպի եկեղեցիների զանգերը 5 տարվա լռությունից հետո ղողանջեցին Արամ Ա. վեհափառի այցի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2017-ը նշանակալից և պատմական թվական պետք է դառնա հալեպահայության հիշողության ու պատմության մեջ, գրում է [url=http://www.kantsasar.com/news/?p=15367]«Գանձասար»[/url]-ը:
Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. վեհափառ հայրապետը իրեն ուղեկցող շքախմբին, պետական, ազգային մարմինների ներկայացուցիչների հետ մինչև կեսօր այցելություններ է կատարել նախ՝ Հալեպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի և ականատեսը եղել ահաբեկչական հրթիռակոծումների պատճառած ավերակներին։
Ուղեկցողների մեջ են եղել Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյանը, ով վեհափառ հայրապետին տեղեկացրեց եկեղեցու կառոյցի մասնակի վնասների մասին: Վեհափառ հայրապետը Տերունական աղոթքից հետո շրջել է եկեղեցու մէջ։
Այցելության հաջորդ վայրը Հալեպի Օմայատ պատմական մզկիթն էր: Մզկիթը ունի 1300 տարվա պատմություն։ Մզկիթի մուտքի մոտ վեհափառ հայրապետին ու շքախմբին դիմավորեցին իսլամ հոգևորականները։ Մզկիթի ներսում Հալեպի կրոնական կալվածքների տնօրենը տեղեկացրել է, թե ինչպես զինյալ ահաբեկիչները քանդեցին մզկիթն ու թալանել նրա պատմական գանձերը՝ մի մասը փախցնելով դեպի Թուրքիա, իսկ մի մասն էլ դեպի Հալեպի հյուսիսային արվարձաններ։
Մզկիթում վեհափառն ու նրան ուղեկցող հայ կրոնավորները Սիրիայի նահատակների հոգիների համար կարդացին աղոթք:
Այնուհետև վեհափառ հայրապետն ու շքախումբն այցելեցին Հալեպի պատմական բերդ։
Վեհափառ հայրապետը ականատեսը դառնալով բերդի ավերակներին, տեղական և հայկական լրատվամիջոցների դիմաց ասաց. «Այս պահուս կը յիշեմ ֆրանսացի մտաւորական Վիքթոր Հիւկոյի խօսքը. «Այստեղէն թուրքերը անցան», աւելցնելով որ ցեղասպան թուրքը այնպէս ինչպէս 100 տարի առաջ պատմական մեր հայրենիքին մէջ, այժմ եւս Սուրիոյ մէջ մահ ու աւեր կը սփռէ։ Սակայն այս բարբարոսութիւններուն դիմաց Սուրիոյ քրիստոնեայ եւ իսլամ մեր սիրելի ժողովուրդին զաւակները պիտի յաղթեն ու անկոտրում կամքով վերակառուցեն Սուրիան ու մանաւանդ Հալէպը։ «Հալէպը խորհրդանիշն է սիրոյ եւ խաղաղութեան ու ես վստահ եմ, որ ան պիտի վերականգնի»։
Խոսքով հանդես եկավ նաև Հալեպի նահանգապետն ու Պաաս կուսակցության Հալեպի քարտուղարը՝ հայտնելով, որ թուրքական բարբարոսությունների դիմաց Սիրիայի ժողովուրդը չպետք է ընկրկի, այլ ձեռք-ձեռքի տալով՝ Սիրիան պիտք է վերաշինի ու դարձնի ավելի գեղեցիկ։
Այնուհետև վեհափառ հայրապետն ու շքախումբը ուղևորվեցին Նոր Գյուղ՝ նախ այցելելով ահաբեկիչների կողմից հրկիզված Ս. Գևորգ եկեղեցի: Նոր Գյուղի հայ երիտասարդները նորին սրբությանը իրազեկեցին եկեղեցու հրկիզման դեպքի մանրամասների մասին, որը տեղի է ունեցել 2013-ին։ Վեհափառ հայրապետը շրջելով եկեղեցու մէջ՝ «Տերունական» և «Հոգւոց» աղոթքները կարդաց առ Աստված և ասաց. «Կը գտնուիմ Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ, հրկիզուած, քանդուած եւ կողոպտուած եկեղեցւոյ մէջ, նոյն Ցեղասպան թուրքին հետքը կը տեսնեմ այստեղ։ Քիչ առաջ շրջեցայ Հալէպի զանազան թաղամասերը եւ տեսայ ահաւոր քանդում, աւեր, սարսափ ու մահ: Կը կրկնեմ, որքան ճիշդ է ֆրանսացի մտաւորական Վիքթոր Հիւկոյի խօսքը թէ. «Այստեղէն թուրքը անցած է, հետեւաբար ամէն տեղ մահ է, քանդում ու սարսափ»: Մեր ժողովուրդը կրնայ վկայել այս մասին: Արեւմտեան Հայաստանէն, Կիլիկիայէն դարձեալ թուրքը անցաւ եւ քանդեց, աւերեց ու մէկ ու կէս միլիոն հայ ջարդեց: Եւ այսօր այս տագնապահար Հալէպի մեր սիրելի ժողովուրդին դիմաց, մենք հաւաքական հաւատքով, յոյսով եւ կամքով պէտք է դիմագրաւենք ու մանաւանդ վերակերտենք Հալէպի հայութեան կեանքը, մեր կառոյցները: Վերաշինենք ոչ միայն ֆիզիքական իմաստով, այլ նաեւ մեր համայնքը վերակազմակերպելով: Ես այս յոյսով ու յանձնառութեամբ կ՛ողջունեմ Հալէպի մեր սիրելի ժողովուրդը եւ վստահ եմ, որ հայութիւնը ամէն տեղ զօրակից, լծակից ու մասնակից պիտի դառնայ ընդհանրապէս Սուրիոյ հայութեան ու յատկապէս Հալէպի հայութեան վերականգնումի ու վերածաղկումի աշխատանքներուն»:
Ապա նրանք այցելեցին ՍՕԽ-ի ընկերաբժշկական կենտրոն, ուր նրանց դիմավորեցին ՍՕԽ-ի պատասխանատու մարմինները։ Շրջ. Վարչութեան ատենապետ Հռիփ Կանանյանը հայտնեց, որ միության անդամները նույն թափով ու ոգով շարունակում են իրենց կամավոր ծառայությունը՝ հակառակ կենտրոնի կրած վնասներին և քաղաքի ծանր պայմաններին:
Վեհափառը ականատես եղավ նաև ընկերաբժշկական կենտրոնի ավերակներին՝ խրախուսելով խաչուհիների անկոտրում կամքն ու հալեպահայ ժողովրդին ծառայելու կոչված իրենց գնահատելի աշխատանքը։
Այցելության հաջորդ կայանն էր մարդակերտման ամրոցը՝ Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարանը: Ճեմարանի տնօրեն Հակոբ Քիլեճյանն ու խնամակալության ներկայացուցիչները վեհափառ հորը բարի գալուստ մաղթելով հաստատեցին, որ առաջիկա տարում աշակերտները վերստին հաճախելու են ճեմարան ու շենացնեն 70-ամյա այդ կրթօջախը: Վեհափառն ու շքախումբը մոմ վառեցին հայկական թաղամասերի պաշտպանության ղեկավար, նահատակ Ռաֆֆի Պչաքճեանի հիշատակին նվիրված մատուռի դիմաց և ուղևորվեցին «Տիգրանյան» սրահ, ուր զրուցեցին նվիրյալ հայ տղաների հետ՝ բարձր գնահատելով պատերազմի տարիներին նրանց ազգանվեր ծառայությունն ու խիզախությունը:
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում վեհափառ հայրապետը գոհաբանական աղոթք մատուցեց առ Աստված, ապա հանդիպեց ՍՕԽ-Ազգային Պատսպարանի պատասխանատու կազմի ու սաների հետ։ Պատսպարանի հանձնախմբի ատենապետ Զեփյուռ Է. Րէիսյանն իրազեկեց վեհափառ հայրապետին պատսպարանի իրավիճակի մասին:
Այնուհետ վեհափառ հայրապետն ու նրան ընկերակցող շքախումբը հայկական թաղամասերւի պաշտպանությանը նվիրված հայ տղաների հետ լուսանկարվեցին։
5 տարի շարունակ Հալեպի բախումնային շրջանների մէջ գտնվող հայկական եկեղեցիների զանգերը կրկին ղողանջեցին՝ ավետելով ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ հայրապետի այցելությունն ու Հալեպի խաղաղության վերահաստատումը:
Նշենք, որ վեհափառ հայրապետը իր այցելությունների ընթացքում նվերներ հանձնեց սիրիական բանակի զինվորներին՝ շնորհավորելով Հալեպի հաղթանակի կապակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
00:01 24-04-2015
Ստրասբուրգի մայր տաճարում ղողանջեցին զանգերը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
1094 դիտում
18:34 16-04-2015
Ապրիլի 24-ին 100 անգամ կղողանջեն Գեղարքունիքի մարզի եկեղեցիների զանգերը
2108 դիտում
14:49 06-10-2018
Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ