Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը. ՀՀ վարչապետ
Կառավարությունն ընդունել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին» որոշում: Որոշմամբ հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը:
Հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող և շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է:
Հիմնադրամի նպատակն է ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների և ներդրումային ծրագրերի հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը, վերանայումը, սպասարկումը և վերահսկողությունը:
Կարեն Կարապետյանը կարևորել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը և նշել. «Դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ոնց ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումն ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների և այլն»: