211652_close_icon
views-count3113 դիտում article-date 13:45 01-12-2016

Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ Կառավարությանը կից գործելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հիմնական գործառույթը լինելու է կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով բարեփոխումների, հայեցակարգերի և փաթեթների մշակումը: Վարչապետը տեղեկացրեց, որ եղել են բազմաթիվ քննարկումներ և կենտրոնը կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ: Նա նշեց, որ արդեն իսկ տարբեր պետական մարմինների և խորհրդատուների կողմից, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել, այնուհետև՝ Կառավարության հավանությանն են արժանացել կառավարման ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր: «Այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն: Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակ ունեցող ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, քանի որ դրանք կարող են չհամապատասխանել ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում նոր ռեսուրսներին կամ այլ պատճառներ»,- ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը, ելնելով դրանից՝ հանձնարարեց բոլոր նախարարություններին և գերատեսչություններին մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար: Վարչապետը նաև հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև՝ այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանք համապատասխան հիմնավորումներով: «Մենք անհրաժեշտություն ունենք ամփոփելու այն բազան, ինչ մենք ունենք»,-ամփոփեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր