ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դահլիճում կայացավ բարեգործական համերգ՝ հատուկ կարիք ունեցող 2 եղբայրների միայնակ մորը սատարելու նպատակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 16-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դահլիճում էին հավաքվել ուրիշի ցավը հասկանալու, կարիքավորին կարեկցելու և օգնության ձեռք մեկնելու ցանկության ու պատրաստակամության գաղափարի շուրջ միավորված մարդիկ:
[url=https://web.facebook.com/paara.am/posts/976456579126463]Ակադեմիայի[/url] ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական համերգը մեկ նպատակ ուներ՝ սատարել հատուկ կարիք ունեցող երկու եղբայրների՝ Գոռի և Նարեկի միայնակ մորը՝ հոգալու երեխաների բուժման ծախսերը: Երեխաները «Հ1» հեռուստաընկերության «Եթե բոլորը» հաղորդաշարի շահառուներ են:
Ուսանողական խորհրդի նախաձեռնությունը ողջունեց և այդ կապակցությամբ իր ոգևորությունն ու ուրախությունն արտահայտեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:
«Այս նախաձեռնությունն ապացուցում է, որ մեր ազգին բնորոշ է համախմբվելու կարողությունը և կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու պատրաստակամությունը,- ասաց նա:- Ուսանողների այդ ներուժն ինձ ոգևորում է: Համոզված եմ, որ այդ հատկանիշն ունեցող մարդիկ ապագայում շատ մեծ առաջընթաց կունենան»:
Ողջունելով բարեգործական նախաձեռնության մասնակիցներին՝ Կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանն ասաց. «Հնարավոր է՝ մենք առանձին չենք կարող գլոբալ խնդիրներ լուծել, սակայն միավորվելով կարող ենք ժպիտ պարգևել այս երեխաներին: Հուսանք, որ մեր համեստ աջակցությունը կօգնի լուծելու նրանց առողջական խնդիրը»:
Այնուհետև ներկաների ուշադրությանը ներկայացվեցին Հ1 հեռուստաընկերության «Եթե բոլորը» ծրագրի կողմից օրվա հերոսների մասին պատրաստված տեսանյութը, ինչպես նաև ուսանողական խորհրդի կողմից պատրաստված փոքրիկ հոլովակ՝ օրերս Ակադեմիայում կայացած «One cake one donation» ակցիայի մասին: Ի դեպ, այդ ակցիայի հասույթը նույնպես նվիրաբերվեց եղբայրներին:
Դրան կգումարվի նաև համերգի ընթացքում դահլիճում գտնվող հանգանակության արկղում հավաքված գումարը:
Համերգային ծրագրում կազմակերպիչներն ընդգրկել էին աճպարար Արմեն Մխեյանի անակնկալներով լի ելույթը, Կարեն Սևակի «Հարսի պարը» “Jemuk dance studio”-ի աղջիկների կատարմամբ, ջութակահարուհիների “Violin Revolution” կվինտետի, Սուրեն Խաչատրյանի «Տուն իմ հայրենի» երգի կատարումները: Բեմ բարձրացան նաև Ակադեմիայի շնորհալի ուսանողները:
«Հանրային կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Օվսաննա Խուբլարյանը կատարեց «Հայաստան» երգը, «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Ավետ Ալեքսանյանը կարդաց Շառլ Ազնավուրի «Ես ինձ տեսնում էի արդեն» և Պարույր Սևակի «Խաղալիք սարքողը» բանաստեղծությունները: Բարեգործական համերգն իր նվագով եզրափակեց «Քաղաքագիտություն» մասնագիտության առաջին կուրսի մագիստրանտ Կարապետ Գևորգյանը:
Համերգը վարում էին հաղորդավար Սուրեն Խաչատրյանը և ՀՀ ՊԿԱ «Իրավագիտություն» մասնագիտության առաջին կուրսի մագիստրանտ Զառա Սողոմոնյանը:
Ավարտին Կառավարման ակադեմիայի ղեկավարությանը և ուսանողությանը շնորհակալություն հայտնեց Գոռի և Նարեկի մայրը՝ Ալիսան: Նա հույս հայտնեց, որ նաև այս նախաձեռնության շնորհիվ կիրականանա իր մեծագույն երազանքը՝ մի օր իր որդիների շուրթերից լսել «մայրիկ» բառը: