211652_close_icon
views-count1018 դիտում article-date 19:28 15-12-2016

Բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանի և Ավստրալիայի ներդրողների համար

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Ավստրալիայի Միության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը: Համաձայնագրի նախագծով սահմանված են Հայաստանի և Ավստրալիայի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը ներառում է հոդվածներ ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Այն հնարավորություն կընձեռի հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն: Համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխության կնքման առաջարկությանը: ԱՄՆ ՄԶԳ կողմից ստացվել է համաձայնագրի թիվ 8 փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է լրացուցիչ 1 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 32 381 577,45 ԱՄՆ դոլար: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սոցիալական բնագավառի բարեփոխումներում աջակցելու 2015թ. մեկնարկած ծրագրին: Օժանդակություն կտրամադրվի նաև Հայաստանում ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգին: Համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Միության մշակույթի և ստեղծագործ ոլորտների համար նախատեսված «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նմանատիպ նյութեր