211652_close_icon
views-count8221 դիտում article-date 18:46 06-12-2016

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 20 տուժածներ արդեն ստացել են դրամական օգնություն

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից 20 տուժածներ դեկտեմբերի 6-ի դրությամբ արդեն ստացել են դրամական օգնություն: Այս պահին նախարարությունում դրամական օգնություն ստանալու վերաբերյալ ստացվել է ևս 9 դիմում: Դիմումների ընդունելությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեով: Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (Իրավաբանական վարչություն): Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացվել են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից: ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր