7460 դիտում
22:12 25-11-2016
Թշնամին պետք է ջախջախվի. «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել է «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով կլոր սեղան-քննարկում
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծեց՝ հայ ժողովրդի կենսական շահերի բավարարման տեսանկյունից՝ արցախյան հիմնահարցը եղել է և կա համար առաջինը: Այդ առաջնային հիմնահարցը չի կարող չլինել հանրային ու հասարակական լայն քննարկման թեմա:
«Մենք նպատակ ունենք ձևավորել համազգային միասնական տեսլական, որպեսզի յուրաքանչյուր հայի համար արցախյան հիմնահարցի լուծման տեսլականը հնարավորինս լինի միանշանակ: Այսօր, ցավոք, դա չունենք»,- ասաց Գալստյանը:
Ելույթով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ով իր խոսքում շեշտեց, որ «Միասնություն» համազգային շարժման համար արցախյան հարցը առաջնահերթություն է:
«Երբ մենք խոսում ենք հայրենիքի մասին, մենք հավասարապես խոսում ենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մասին:
Այսօր ունենք երկու հայկական պետություն, բայց պետք է անենք ամեն ինչ, որ այդ պետությունները միավորվեն և մենք ունենանք մեկ միասնական Հայաստան: Ըստ իմ թիմակիցների և ըստ իս՝ Արցախը պետք է Հայաստանի լիարժեք մաս կազմի և օգտվի այն արտոնություններից, իրավունքներից և միջազգային ակտերից, որոնցից օգտվում է Հայաստանը:
Ամբողջ աշխարհը խոսում է քաղաքակրթությունից, պրոգրեսից, բայց այսօր Արցախը դուրս է բոլոր պրոցեսներից՝ թե կրթական, թե սոցիալական առումներով»,- ասաց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ Արցախին աջակցությունը ոչ միայն դրամական օգնության տեսքով պետք է լինի, այլ նաև՝ քաղաքական աջակցության: Վերջինիս խոսքով՝ «Միասնություն»-ն այդ հարցի շուրջ մեծ մտահոգություն ունի և կարծում է, որ պետք է միահամուռ ուժերով անեն այնպես, որ Արցախը միավորվի Հայաստանի հետ: Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի միավորմանն այլընտրանք չկա:
Ելույթ ունեցավ քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը, ում խոսքով՝ Ադրբեջանի խնդիրն այլևս Արցախը կամ ԼՂԻՄ տարածքը վերցնելը չէ: Իրենց խնդիրն այլևս Երևանը վերցնելն է:
«Պանթուրքական նկրտումներն ամբողջությամբ պատել են նաև ադրբեջանցիներին: Նախևառաջ ունենք խնդիր մեր երկրի ներսում՝ հասարակությանը բացատրելու, որ Արցախի անկախությունն ավելորդ է. պետք է տեղի ունենա միացում, ու խնդիրը համարենք լուծված: Պատերազմը, իմ խորին համոզմամբ, անխուսափելի է: Նրանք, այնուամենայնիվ, ուզում են նաև Երևանը, և ինչ էլ զիջենք, ավելին են ուզելու:
Նման պայմաններում պետք է կոշտ դիրքորոշում դրսևորենք և հասկանանք՝ ում հետ գործ ունենք»,- ասաց Մարտիրոսյանը:
Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն ընդգծեց, որ Արցախի միավորումը իրավաքաղաքական առումով Հայաստանին ամենանպատակահարմար մոտեցումն է: Այս հարցերը պետք է քննարկվեն պետական մակարդակով ստեղծված հանձնաժողովներում:
«Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ սա առաջիկա հարյուրամյակի խնդիր է, մինչև որ թշնամին չջախջախվի: Թշնամին պետք է ջախջախվի, թե ինչպես՝ ամենահավանական տարբերակը ռազմադաշտում է: Արցախի խնդրի լուծման այլ ճանապարհ գոյություն չունի»,- ասաց Այվազյանը:
Ըստ քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի՝ ԼՂՀ-ը կարելի է միացնել Հայաստանին՝ նաև մարզի
կարգավիճակով, բայց միջազգային իրավունքի հարց կա, իսկ երկրորդ տարբերակով՝ կարող ենք դաշնային
պետություն ստեղծել. Պետությունները պայմանագրով իրար են միանում: Այսպես կարող ենք ավելի հեշտ
տեղավորվել միջազգային իրավունքի մեջ:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ հակամարտությունը կարող է լուծվել միայն
Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման սկզբունքի վրա. այսինքն՝ միջազգային իրավունքն
ինչպես է տեսել Հայաստան-Ադրբեջան սահմանը՝ Ազգերի լիգայի համապատասխան որոշումների համաձայն:
«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1825 դիտում
20:26 08-12-2016
«Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան- քննարկումը
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»