211652_close_icon
views-count1685 դիտում article-date 21:00 21-11-2016

«Մենք հստակ քաղաքական կամք ենք ցուցաբերում, որպեսզի 2017 թվականին իրականացնենք օրինական եւ հանրության վստահությունը վայելող խորհրդարանական ընտրություններ. Հ. Նաղդալյան

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի հետ: Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի համար Եվրոպական պահպանողականների կուսակցությունը կարեւոր գործընկեր է՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ում պարոն Լիդլ-Գրեյնջերի պաշտոնավարումից ի վեր համագործակցությունը ԵԽԽՎ-ում պահպանողականների խմբի հետ դարձել է ավելի արդյունավետ եւ ընդգրկուն: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը երախտիքի խոսք է հայտնել Յան Լիդլ-Գրեյնջերին եւ խմբի անդամներին՝ Ռոբերտ Վոլտերի «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիսա Մարկովիչի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցների քվեարկության ժամանակ աջակցության համար: Պատվիրակության ղեկավարը մանրամասն ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներին, դրանով պայմանավորված օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին: Նա ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվել են Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ, ինչի արդյունքում քննարկվել եւ լուծում են ստացել գրեթե բոլոր վիճահարույց հարցերը: «Մենք հստակ քաղաքական կամք ենք ցուցաբերում, որպեսզի 2017 թվականին իրականացնենք օրինական եւ հանրության վստահությունը վայելող խորհրդարանական ընտրություններ»,-ընդգծել է տիկին Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր