211652_close_icon
views-count6574 դիտում article-date 19:30 20-11-2016

18-րդ դարի արվեստի գլուխգործոց համարվող Սաթե սենյակի ձևավորման համար բացառապես սաթ է օգտագործվել․ ՖՈՏՈՇԱՐՔ

Սաթե սենյակը ստեղծել է վարպետ Անդրեաս Շլյուտերը Պրուսիայի արքա Ֆրիդրիխ I-ի համար: Երբ 1709 թվականին աշխատանքներն ավարտվել են, վատ ամրացված սաթե պաննոները քանդվել են: Արքան բարկանալով երկրից վտարում է վարպետին: Ֆրիդրիխ I-ի որդին` Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը, սենյակը նվիրում է Պետրոս I-ին: Վերջինս բարձր է գնահատում ընծան: Սաթե սենյակը մեծ զգուշությամբ փաթեթավորվել և 1717 թվականին ուղարկվել է Սանկտ Պետերբուրգ: Սաթե խճանկարներից մի քանիսը տեղադրվել են Ամառային այգում: 1743 թվականին Ելիզավետա Պետրովնա կայսրուհին Ալեքսանդր Մարտելիին հանձնարարում է ճարտարապետ Ռաստրելիի գլխավորությամբ «շտկել» սենյակը: Ռաստրելլին ավելացնում է ոսկով պատված փայտյա փորագրություններ, հայելիներ և ագաթից խճանկարներ: 1770 թվականին Ռաստրելլիի ղեկավարած աշխատանքների արդյունքում Սաթե սենյակն ստանում է իր հայտնի տեսքը` չափերով և շքեղությամբ էականորեն գերազանցելով նախորդին: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, վառարանային ջեռուցումը վնասել են սաթե զարդարանքները: 1833, 1865, 1893-1897, 1933-1935 թվականներին սենյակը վերանորոգման է ենթարկվել: Լուրջ վերանորոգում էր պատրաստվում անցկացնել նաև 1941 թվականին: Խորհրդային զորքերի կողմից Քյոնիգսբերգի գրավումից հետո 1945 թվականի ապրիլին Սաթե սենյակը անհետ կորել է: Նրա հետագա ճակատագիրը մինչ օրս առեղծված է: 1981 թվականից սկսվել են Սաթե սենյակի վերականգնման աշխատանքները (1981-1997 թվականներին աշխատանքներ են կազմակերպվել Ալեքսանդր Ժուրավլյովի ղեկավարությամբ): Սենյակի վերականգնման ուղղությամբ աշխատել են հատուկ այդ նպատակով ստեղծված խմբի մասնագետներ` արվեստագետներ, քիմիկոսներ, քրեագետներ, պատմաբաններ: Մի քանի տարի է տևել ծրագրի նախագծումը: 1990-ական թվականներին աշխատանքները դադարեցվել են ֆինանսների անբավարարության և հումքի մատակարարման խնդիրների պատճառով: 2003 թվականին` Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի առիթով, Սաթե սենյակն ամբողջությամբ վերականգնվել է կալինինգրադյան սաթով, այդ թվում` գերմանական կողմի ֆինանսավորմամբ ևս: Ներկայումս Եկատերինյան պալատում այն բաց է այցելությունների համար: Ռուս գրող, հրապարակախոս Յուլիան Սեմյոնովի հետ Սաթե սենյակը որոնելու միջազգային կազմակերպության անդամ Էդուարդ ֆոն Ֆալցֆեյնը նշել է. «Փնտրեցինք 20 տարի` գիտարշավների վրա ծախսելով անհավանական մեծ գումար, հավաքեցինք հսկայական արխիվ, որպեսզի իմանանք, որ սենյակը այրվել է»: Այցելած լինելով հին սենյակը` նա պնդել է, որ վերականգնված սենյակն ավելի լավն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր