211652_close_icon
views-count3110 դիտում article-date 16:59 19-11-2016

Հարկադիր կատարման ծառայության պարզաբանումը՝ նշանակված ծառայողական քննության և դրանով անցնող սուբյեկտի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ

Հարկադիր կատարման ծառայությունը հիշեցնում է, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ: Վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն: Ծառայողական քննություն նշանակելու հրամանի առիթ է հանդիսացել Գ. Հարությունյանի՝ հինգ աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու փաստը: Ինչ վերաբերում է ծառայողական քննությունով անցնող սուբյեկտի՝ ս/թ նոյեմբերի 18-ի ֆեյսբուքյան գրառմանը, ապա դրա հետ կապված՝ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը. Հարկադիր կատարման ծառայությունը հաստատում է, որ ՀՀ Նախագահի մոտ 02.11.2016թ. տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ներկայացրել է Ծառայության նախաձեռնությամբ մշակված՝ թեստավորման փուլում գտնվող ավտոմատացված ծրագիրը, որը գործում է Telegram messenger հեռահաղորդակցման համակարգի հենքի վրա։ Ծառայությունը հայտնում է, որ ծրագիրը պաշտոնապես դեռևս չի հանձնվել շահագործման: Ավելին, դրանում վերջին շտկումները կատարվել են նախորդ շաբաթվա ընթացքում: Ինչ վերաբերում է պարտապաններին՝ վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ գործիքակազմի և մեխանիզմների ներդրման վերաբերյալ ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների կատարմանը, ապա Ծառայության կողմից ՀՀ արդարադատության նախարարին ուղարկվել են պաշտոնական գրություններ այն մասին, որ SMS հաղորդագրությունների միջոցով պարտապաններին արգելանքի մասին ծանուցելու համար էլեկտրոնային ծրագրի մշակման և ներդրման նպատակով ծրագրային փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է բարելավել Ծառայության էլեկտրոնային համակարգի ապահովման շտեմարանի սերվերի ֆիզիկական հիշողության ծավալը, որի համար անհրաժեշտ է մոտ 20,0 մլն ՀՀ դրամ, և ևս 3,0 մլն ՀՀ դրամ՝ ծրագրավորողի կողմից ինտեգրացված տարբերակով ծրագրային ապահովման մշակման համար: Այդ աշխատանքների համար անհրաժեշտ է մեկ ամիս ժամկետ: Հիշյալ գրությունների ուղարկմանը նախորդել են մասնագիտական քննարկումներ և բանակցություններ, որոնց արդյունքում ձևավորվել է համապատասխան տեխնիկական առաջադրանքը, և այն հիմնավորվել է պաշտոնական գրություններում: Ի դեպ, Հարկադիր կատարման ծառայությունը հայտնում է նաև, որ այդ քննարկումներում և բանակցություններում ի պաշտոնե իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Գ. Հարությունյանը, որը Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ հիշյալ թեմայով պարբերաբար անցկացվող քննարկումների ընթացքում մշտապես պաշտպանել է պաշտոնական գրություններում ներկայացված դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր