211652_close_icon
views-count2802 դիտում article-date 15:01 18-11-2016

Տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող». ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Տեսչական ստուգումների վերաբերյալ գործադիրի ղեկավարը հանձնարարական է տվել Արդարադատության, Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին: «Յուրաքանչյուրն իր մասով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում` նոր ստեղծված տեսչական մարմնի կողմից՝ առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող»: Պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին՝ իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում: Համագործակցության ձևավորման համար մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ»,-ասել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք նշանակող. «Տնտեսվարող սուբյեկտին տրվում է բացթողումները լրացնելու ժամկետ, եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»:

Նմանատիպ նյութեր