211652_close_icon
views-count2848 դիտում article-date 20:32 15-11-2016

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը 23 տարեկան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նոյեմբերի 15-ին նշվել է վարժարանի կազմավորման 23-րդ տարեդարձը: Հանդիսության ընթացքում տեղի է ունեցել նաև վարժարանի առաջին կուրսի սաների խոստման հանդիսավոր արարողությունը: Մոնթեականների շարքերը համալրած 57 պատանիներ միասնաբար երդվել են դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպաններ, լինել ազնիվ ու կարգապահ, վարժարանում ստացած գիտելիքները կիրառել ի նպաստ հայրենիքի պաշտպանության: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը համառոտ անդրադարձել է ռազմաուսումնական հաստատության կազմավորմանը և անցած ուղուն: Ներկայացնելով անցած տարիների ձեռքբերումները` Վ. Ոսկանյանը շեշտել է, որ 2007 թվականից մինչ օրս անցկացված միջազգային տարբեր հավաք-մրցումներին և օլիմպիադաներին վարժարանի սաները արժանացել են ավելի քան երեք տասնյակ ոսկյա, արծաթյա և բրոնզե մեդալների` ամենուր բարձր պահելով կրթօջախի անունն ու հեղինակությունը: Շնորհավորելով վարժարանի առաջին կուրսի սաներին խոստման և ուսումնական հաստատության կազմավորման տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է երիտասարդության հայրենասիրական դաստիրակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու այդ համատեքստում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դերն ու ստանձնած առաքելությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հորդորել է մոնթեականներին, ովքեր մշտապես առանձնացել են բարձր պատրաստվածությամբ, հաղթելու և պայքարելու վճռականությամբ ու անկոտրում կամքով, անել ամեն ինչ գիտելիքների մակարդակը հետևողականորեն բարձրացնելու համար: Առավել ևս, որ վարժարանում ուսանելու տարիներին ձեռք բերված գիտելիքները կարող են նրանց օգնության հասնել ցանկացած իրավիճակում` լինի դա զինվորական ծառայության ընթացքում, թե առօրյա քաղաքացիական կյանքում: Հանդիսավոր արարողության ավարտին վարժարանի մի խումբ զինծառայողներ և սաներ խրախուսվել են պաշտպանության նախարարի և վարժարանի պետի հրամաններով: Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը մեկ տարի ժամկետով կցագրվել է վարժարանի լավագույն կուրսանտին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր