211652_close_icon

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչներին

views-count3957 դիտում article-date 16:51 14-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին` ոլորտում առկա մարտահրավերները և համագործակցության հետագա քայլերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը և Արմեն Հարությունյանը: «Գյուղատնտեսության ոլորտում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար սեղմ ժամկետում հարկավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր, իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կարճ ժամանակահատվածում կտան շոշափելի արդյունքներ: Ոլորտի հիմնահարցերը միասնական մոտեցում եւ լուծումներ են պահանջում, և ձեր փորձը կարող է օգտակար լինել ծրագրերի մշակման և իրականացման գործում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Այնուհետև Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները` դրանցում մատնանշելով շուտափույթ լուծման կարիք ունեցող խնդիրները: Այս համատեքստում նախարարը առավելապես կարևորել է երկրում գյուղատնտեական կոոպերացիայի զարգացումը` ընդգծելով է գյուղացիների շրջանում կոոպերացիայի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է կազմել մարզերի զարգացման ծրագրեր, որոնք մշակվելու են ելնելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկություններից: «Մենք այսօր պետք է աշխատենք երեք հիմնական ուղղություններով` ապահովել պարենային ինքնաբավություն և անվտանգություն, ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ և ավելացնել արտահանման ծավալները», - հավելել է նախարարը: Քննարկվել են նաև ինտենսիվ այգիների հիմնմանը, սերմնաբուծությանը, տոհմային անասնապահության զարգացմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, պարենային ինքնաբավության ու պարենային անվտանգության ապահովմանը, պարարտանյութերի բաշխմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում դաշինքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկները բարձրացված խնդիրների շուրջ, նախարարը խոստացել է ուսումնասիրել դրանք և հաշվի առնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ռազմավարական ծրագրերը կազմելու ընթացքում: ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Նմանատիպ նյութեր