211652_close_icon
views-count1214 դիտում article-date 16:27 10-03-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը: «Գյուղատնտեսությունը մեր երկրի գերակա ուղղություններից է, իսկ առանց ոռոգման խնդիրի լուծման անհնար է ապահովել ոլորտի զարգացում: Վերջին տարիներին KfW բանկի հետ ակտիվ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման շնորհիվ մեզ հաջողվել է բավական լուրջ առաջընթաց գրանցել ջրամատակարարման ոլորտում», - նշել է նախարարը: Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, մատնանշել առաջնահերթությունները, որոնց շարքում, մասնավորապես, առանձնացրել է նոր ջրամբարների կառուցման, ոռոգման համակարգում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերը: KfW բանկը Հայաստանում իրականացնում է ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման մի շարք ծրագրեր, այդ թվում` Կապսի ջրամբարի վերակառուցումը, ինչը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները: Նախարարն առաջարկել է բանկի ներկայացուցիչներին ուսումնասիրություններ կատարել և քննարկել իրենց ծրագրերի մեջ նաև Մաստարայի ջրամբարի կառուցումը ընդգրելու հնարավորությունը: Նախարարն իր խոսքում կարևորել է նաև հանրապետությունում խմելու ջրի կառավարման, արդյունավետ օգտագործման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցը`հավելելով, որ այդ հարցում ևս բանկից ակնկալում է աջակցություն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար`Սանդրա Սոարես դա Սիլվան տեղեկացրել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում ստորգետնյա ջրերի կառավարման համակարգերի ծրագրի ներդրման վերաբերյալ, որում առաջնայնությունը տրվելու է Արարատյան դաշտավայրին: Բացի այդ, նրա խոսքով առաջիկայում նախատեսվում է գերմանացի փորձագետների այցը Հայաստան` ջրային ռեսուրսների գնահատման, արդյունավետ օգտագործման և գույքագրման փորձը ներկայացնելու նպատակով: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են համագործակցության ընդլայնման և հարաբերությունների սերտացման պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր