Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերան` դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ
Ս. թ. նոյեմբերի 15-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի այս տարվա վերջին մենահամերգը` նվիրված խորհրդային շրջանի մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերային:
Կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին ընդառաջ` սույն համերգով կազդարարվի Հարո Ստեփանյանի մշակութային ժառանգության և ներդրման` հայ հանդիսատեսի հետ հաղորդակցելու նախաձեռնության մեկնարկը: 2017 թվականի ընթացքում նախատեսված է Հայկ Մելիքյանի կողմից կոմպոզիտորի դաշնամուրային պրելյուդների ձայնագրություն, սկավառակի թողարկում, հետագայում` սկավառակի շնորհանդես և կոմպոզիտորի առավել լայնամասշտաբ ձևաչափով ստեղծագործության` «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրում: Նախաձեռնության հեղինակն է Սարինա Ավթանդիլյանը:
Համերգի ընթացքում դաշնակահարը նաև կներկայացնի մի շարք գլուխգործոցներ` 20-րդ դարի և մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում` Շթոքհաուզեն, Հարվի, Վասկս, Մյուրայ և Կոլոմիեց:
Մուտքն ազատ է: