211652_close_icon
views-count3265 դիտում article-date 15:00 11-11-2016

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթը ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթը: Այն ավանդական ծրագրերից է, որն իրականացվում է Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքում՝ կազմակերպված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ ցուցահանդեսը երիտասարդական միջոցառումների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի և սպասված միջոցառում է. «Երիտասարդ ստեղծագործողների համար սա բացառիկ հնարավորություն է, քանի որ նման մասշտաբի միջոցառում նրանց համար չի իրականացվում: Այս ծրագրով մենք կարողանում ենք հնարավորություն տալ երիտասարդներին և առանձնացնել լավագույններին»: Պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը նաև իրականացնում է լուսանկարչական աշխատանքների մրցույթ: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգողը շեշտեց. «Մեր հիմնական նպատակն է երիտասարդներին հարթակ տրամադրել, քանի որ ցանկացած ստեղծագործողի համար մեծ պատիվ է Նկարիչների միությունում ցուցահանդես ունենալ: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է հասկանա, որ իր ստեղծագործությունն ու աշխատանքը, որն իրականացնում է համապատասխան դաշտում, գնահատվում և ուշադրության է արժանանում»: Նշենք, որ լավագույնները կստանան դրամական պարգևներ, սակայն Կարեն Ավագյանը հորդորում է չկենտրոնանալ մրցանակի վրա, որն անշուշտ, երիտասարդների խնդիրները մի փոքր կթեթևացնի, այլ գնահատել այն հնարավորությունը, որը տրվում է երիտասարդ ստեղծագործողներին դրսևորվելու համար: Երիտասարդական տոների շրջանակներում հիմնադրամն իրականացնում է համերգներ, սպորտային միջոցառումներ, գիտաժողովներ, տարաբնույթ կրթական ծրագրեր, բայց մշակութային բաղադրիչը առանձնահատուկ է կարևորվում: Կարեն Ավագյանն այս համատեքստում ամփոփեց. «Ուզում ենք, որ մեր երիտասարդ ստեղծագործողները լինեն մեր կողքին, կարողանան ներկայացնել իրենց աշխատանքները, գնահատվեն պրոֆեսիոնալների կողմից: Այս ծրագրի միջոցով ապահովվում է նաև կապը երիտասարդ ստեղծագործողների և պրոֆեսիոնալների միջև»: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ռեկտոր Արամ Իսկաբեկյանը փաստեց, որ ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների որակը տարեցտարի բարձրացել է. «Վստահությունը, որ տարեցտարի մեծացավ այս միջոցառման նկատմամբ, նաև նպաստեց, որ բարձրանա ներկայացված աշխատանքների որակը: Այսօրվա ցուցահանդեսում բավականին հետաքրքիր աշխատանքներ կան, և դա վստահության արդյունքն է»: ԵԳՊԱ գրաֆիկայի բաժնի չորրորդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Հակոբյանը նշեց, որ նման միջոցառումները երիտասարդ ստեղծագործողներին իրեն կողքից նայելու և ներկայանալու հնարավորություն են տալիս. «Ներկայացրել եմ գրաֆիկական աշխատանք չոր ասեղ տեխնիկայի եղանակով: Ոգեշնչվել եմ ամերիկացի գրող Ռիչարդ Ուորմսերի «Պան սատիրուս» գրքից»: «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են պետական և ոչ պետական բուհերի 200-ից ավելի երիտասարդ ստեղծագործողների շուրջ 400 աշխատանք՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկա, հագուստի մոդելավորում ոլորտներում: Մրցույթ-ցուցահանդեսի ավարտին ժյուրին մրցանակներ կհանձնի «Լավագույն գեղանկար», «Լավագույն գրաֆիկա», «Լավագույն քանդակ», «Լավագույն մոդելավորող» անվանակարգերում։ Ցուցահանդես-մրցույթը կազմակերպվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի հետ համատեղ։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր