3140 դիտում
19:59 07-11-2015
Վարչապետը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, կառավարության ղեկավարը ծանոթացել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի բաժինների ուսանողների աշխատանքներին: «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթով մեկնարկում է երիտասարդական տոներին (նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը) նվիրված միջոցառումների շարքը:
Վարչապետը բարձր է գնահատել ցուցահանդեսին ներկայացված երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները և մասնագիտական հմտությունները: Ողջունելով ցուցահանդես-մրցույթի անցկացումը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը երիտասարդների կողքին է, շարունակելու է աջակցել տաղանդավոր երիտասարդների կրթության ապահովմանը և մասնագիտական զարգացմանը:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին երիտասարդ ստեղծագործողների կողքին լինելու, նրանց աջակցելու և խրախուսելու, ինչպես նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դահլիճի վերակառուցման հարցում աջակցելու համար:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ իր հերթին նշել է, որ ամենամյա այս ցուցահանդեսն առանձնահատուկ տեղ ունի երիտասարդական միջոցառումներում և արդեն պրոֆեսիոնալ բնույթ է կրում։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս բացահայտել, ինչպես նաև ավելի ճանաչելի դարձնել տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողներին:
Նմանատիպ նյութեր
3502 դիտում
15:00 11-11-2016
Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթը ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1159 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
709 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար