Անցկացվել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցությանը նվիրված համաժողով
«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում անցկացվել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության հարցերի հետ կապված համաժողով: Բացմանը ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան՝ քաղաքային իշխանության տարբեր ոլորտիների պատասխանատուների հետ, Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանն ու Արամ Սուքիասյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետի անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ընդգծել է երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման կարևորությունն ու այս ուղղությամբ երկկողմ կապերի ընդլայնումը:
«Երկու քաղաքների միջև կնքված համագործակցության ծրագրով Երևանի քաղաքապետարանն ակտիվորեն փոխգործակցում է Սանկտ Պետերբուրգի հետ, և այս ընթացքում համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հատկապես ակտիվ է համագործակցությունը կրթական և մշակութային ծրագրերով. փոխայցեր, միջոցառումներ: Մայրաքաղաքում անցացվող պետերբուրգյան օրերը համագործակցության զարգացման կարևոր հարթակ է` քննարկելու համատեղ նոր ծրագրեր, որոնք կունենան գործնական ընթացք և կյանքի կկոչվեն: Վստահ եմ, որ հանդիպումները կլինեն արդյունվետ և մոտ ապագայում կխոսենք արդեն արված աշխատանքային նոր նախագծերի մասին»,-նշել է Դավիթ Օհանյանը:
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան իր հերթին շնորհակալություն է հայտնել համաժողովի անցկացման համար՝ նշելով, որ այն համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի միջև: