211652_close_icon

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

views-count870 դիտում article-date 18:00 09-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրին` նախարարը գոհունակություն է հայտնել հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակից և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: «Հայաստանն ու Վրաստանը պատմական և աշխարհագրական առումով մշտապես սերտորեն կապված են եղել, գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է ամուր համագործակցություն, կազմակերպվել են գյուղատնտեսության նախարարների փոխայցեր: Սակայն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում առկա են լայն հնարավորություններ և դեռևս չօգտագործված մեծ ներուժ, և հարկավոր է միջոցներ ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ», - նշել է նախարարը: Ընդգծելով, որ վրացական շուկան միշտ բաց է հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար` դեսպան Գիորգի Սագանելիձեն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի հնարավորը այս ոլորտում երկկողմ հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև հայ-վրացական գործարար կապերն ընդլայնելու ու ամրապնդելու համար: Հանդիպման ընթացքում դեսպանը Իգնատի Առաքելյանին հրավիրել է այցելել Վրաստան` տեղում հարևան երկրի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով: Ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր վրաց գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր