211652_close_icon
views-count5309 դիտում article-date 21:38 06-11-2016

«Հայկական եկեղեցում ինձ շատ հետաքրքրեցին ժամասացության առանձնահատկությունները»․ Պյոտր Չայկովսկի

Չայկովսկին սերտ կապված էր XIX դարի ռուսական առաջավոր մշակույթի հետ։ Իբրև արվեստագետ ձևավորվելով 1860-ական թվականների դեմոկրատական գաղափարների ազդեցությամբ՝ իր երկերում մեծ խորությամբ, ճշմարտացիորեն արտացոլել է կյանքն իր բազմազան դրսևորումներով, ստեղծել է նաև ժողովրդական կենցաղի գունագեղ տեսարաններ, բնության բանաստեղծական նկարագրեր։ Լինելով հոգեբան կոմպոզիտոր՝ ռեալիստական մեծ ուժով բացահայտել է մարդու ներաշխարհը՝ նուրբ քնարական զեղումներից մինչև ողբերգական ապրումներ։ Չայկովսկու ստեղծագործության առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականության հետ։ Գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա (այդ թվում՝ «Մանֆրեդը»), նախերգանքներ, սյուիտներ և այլ գործեր սիմֆոնիկ նվագախմբի համար, կանտատ, կամերային գործիքային անսամբլներ, մոտ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի (100-ից ավելի), ջութակի, թավջութակի պիեսներ։ 1886–1890 թվականներին Չայկովսկին այցելել է Թիֆլիս, հայ երաժիշտներից մտերիմ հարաբերություններ են ստեղծվել Գենարիոս Ղորղանյանի հետ։ Թիֆլիսում՝ հայկական եկեղեցում, մեծ հետաքրքրությամբ լսել է ժամերգությունը. «Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիները և, ի միջի այլոց՝ հայկական եկեղեցին, որտեղ ինձ շատ հետաքրքրեցին ժամասացության առանձնահատկությունները՝ ընդհանրապես և երգեցողությունը՝ մասնավորապես»։ Իր նամակներից մեկում գրել է Պյոտր Չայկովսկին։

Նմանատիպ նյութեր