211652_close_icon
views-count4336 դիտում article-date 18:22 06-11-2016

ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեն կենթարկվի փոփոխությունների

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Օրակարգի միակ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության առաջարկած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Բյուջեի փոփոխությունների անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորել է ապրիլյան ռազմական ագրեսիայի հետևանքների ազդեցությամբ և տարեսկզբին կատարված կանխատեսումների վերանայմամբ: Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է լիագումար նիստին նախորդած քննարկումների ընթացակարգը՝ ընդգծելով, որ հանրապետության վարչապետի մասնակցությամբ երկու փուլով հանձնաժողովներին և խմբակցություններին անհրաժեշտ պարզաբանումներ են տրվել ներկայացված օրինագծի վերաբերյալ: «Մենք թևակոխել ենք տարվա վերջին՝ չորրորդ եռամսյակը, որը ընթացիկ բուջետային տարվա եզրափակիչ փուլն է: Ըստ այդմ՝ ընդունել ենք կառավարության առաջարկը և ճիշտ ենք համարում վերջին եռամսյակի հենց սկզբին հստակեցնել ԱԺ դիրքորոշումը ներկայացված օրինագծի վերաբերյալ, ինչը թույլ կտա կառավարությանը ժամանակին իրականացնել այդ փոփոխությունները», - ընդգծել է խորհրդարանի ղեկավարը: Բյուջեում սպասվող փոփոխությունները խորհրդարանականներին է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Կառավարության լիազոր ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ առաջարկված փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների ու մի շարք հատկացումների նվազեցմանը և կապիտալ ներդրումների ծրագրի համար պլանավորված միջոցների ավելացմանը: Մտքերի փոխանակությունից և քննարկումից հետո խորհրդարանը 28 կողմ ձայնով հավանություն է տվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքին: Լիագումար նիստի ավարտին ապահովագրական առողջապահության մասին հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նմանատիպ նյութեր