4193 դիտում
18:20 03-11-2016
Արթուր Պետրոսյան. Պարտավոր ենք յուրաքանչյուր խաղի դուրս գալ հաղթելու համար:
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին՝ խոսելով Հայաստանի ազգային հավաքականում իր ծրագրերի մասին:
[b]-2006 թվականին ավարտելով ֆուտբոլային կարիերան՝ միանգամից անցաք մարզչական աշխատանքի: Որքանո՞վ հեշտ կատարվեց ֆուտբոլիստ-մարզիչ անցումը:
[/b]
-Ճիշտն ասած՝ այնքան էլ հեշտ չստացվեց, որովհետև, երբ նոր ես ավարտում կարիերան, դեռ դժվար ես համակերպվում, անընդհատ ուզում ես դուրս գալ խաղադաշտ, բայց իմ պարագայում ինձ մի փոքր օգնեց այն հանգամանքը, որ ես կարիերայիս վերջին տարում վնասվածք ունեի և արդեն զուգահեռաբար մինչև 21 տարեկանների թիմում օգնում էի գլխավոր մարզչին: Ուստի, իմ դեպքում անցումը ֆուտբոլիստից մարզչի համեմատաբար սահուն ստացվեց:
[b]-Այս ընթացքում հասցրել եք մարզել «Ցյուրիխի» տարբեր տարիքային թիմերը: Որո՞նք էին հայ մարզչի համար շվեյցարացի երեխաների հետ աշխատելու հիմնական դժվարությունները:
[/b]
-Կարող եմ ասել, որ ոչ մի դժվարություն չի եղել: Արդեն տևական ժամանակ հանդես էի գալիս Շվեյցարիայում, ծանոթ էի լեզվին և տեղական նրբություններին, բացի այդ, քանի որ երկար ժամանակ ակումբում էի, երեխաները ինձ վերաբերում էին՝ ինչպես իրենց կուռքի և մեծ հարգանք էին տածում իմ հանդեպ:
[b]-2011 թ. «Ցյուրիխի»մինչև 18 տարեկանների թիմի հետ դարձաք Շվեյցարիայի չեմպիոն: Այդ ֆուտբոլիստների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք հասել են գլխավոր թիմի մակարդակի:
[/b]
-Այո, կարող եմ նշել Սեդրիկ Բրյուներին և Արմին Ալեսևիչին, որոնք համարվում են «Ցյուրիխի»հիմնական կազմի ֆուտբոլիստներ: Կնշեմ նաև Ֆրանչեսկո Ռոդրիգեսին, ով Շվեյցարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռիկարդո Ռոդրիգեսի կրտսեր եղբայրն էր: Ֆրանչեսկոն տեղափոխվեց «Վոլֆսբուրգ», այնուհետև վարձավճարով՝ «Արմինիա», իսկ հիմա խաղում է շվեյցարական «Լյուցեռնում»:
-Լավագույն ֆուտբոլիստը, ում մարզել եք:
-Քանի որ նոր եմ ստանձնել հավաքականի գլխավոր մարզչի ղեկը, նշեմ միայն նրանց, ում մարզել եմ ակումբային մակարդակում: Կառանձնացնեմ երկու ֆուտբոլիստի. Ադմիր Մեհմեդիին Լևերկուզենի «Բայերից»և Յոսիպ Դրմիչին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»:
-Բոլորովին վերջերս ստացաք Մարզչական ՊՐՈ արտոնագիր: Ի՞նչ Ձեզ տվեցին դասընթացները նոր գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից:
- Դա մեծ փորձ էր, եղանք այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Բորուսիան»և «Մոնպելյեն», շփվեցինք Թոմաս Տուխելի հետ: Թե տեսական, թե գործնական առումով դասընթացները շատ օգտակար էին ինձ համար:
[b]-Ստանձնում եք հավաքականի գլխավոր մարզչի ղեկը մեկնարկում հավաքականի 3 պարտություններից հետո: Ի՞նչ խնդիրներ եք դնելու ինքներդ Ձեր առջև:
[/b]
-Իհարկե, 3 պարտությունից հետո բավականին դժվարին իրավիճակում ենք՝ առաջին հերթին հոգեբանական առումով: Մենք պետք է տղաներին դուրս բերենք այս վիճակից: Թող պարզունակ չհնչի, բայց մյուս խնդիրը յուրաքանչյուր խաղում հաղթանակի ձգտելն է: Որքանով կստացվի՝ չեմ կարող ասել, բայց փորձել պարտավոր ենք:
[b]-Հավատո՞ւմ եք, որ դեռ հնարավոր է նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր, թե՞արդեն սկսելու եք պատրաստել հավաքականը հաջորդ շրջափուլի համար:
[/b]
-Իմ կարծիքով, մեզ համար շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով մեկնարկը, բայց, նորից եմ կրկնում, պարտավոր ենք յուրաքանչյուր խաղի դուրս գալ հաղթելու համար: Ինձ համար հեշտ կլիներ ասել, որ ես թիմին կպատրաստեմ հաջորդ շրջափուլի համար, և եթե սա լիներ ակումբ, հավանաբար այդպես էլ կլիներ, բայց սա հավաքական է, որից միշտ պահանջում են արդյունք, ուստի մենք պարտավոր ենք միշտ խաղալ հաղթանակի համար:
[b]-Կիսո՞ւմ եք մասնագետներից շատերի այն կարծիքը, որ ազգային և տարբեր տարիքային հավաքականները պետք է հանդես գան տակտիկական նույն դասավորությամբ, որպեսզի ֆուտբոլիստներին հեշտ լինի ավելի բարձր տարիքային հավաքական տեղափոխվելիս:
[/b]
[b]-Կարծում եմ՝ մինչև 19 տարեկանների հավաքականի մակարդակը կարելի է կիրառել այդ փիլիսոփայությունը, իսկ մինչև 21 տարեկանների հավաքականում և ազգային հավաքականում պետք է մարտավարությունն ընտրել՝ կախված մրցակցի ուժից և խաղաոճից, ինչպես նաև ձեռքի տակ եղած խաղացողների հնարավորություններից: Դա իմ կարծիքն է, որի հետ շատերը կարող են և չհամաձայնվել:
[/b]
-Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը: Որոշել խաղային սխեմա և խաղացողներին տեղավորել այդ սխեմայի մե՞ջ, թե՞ընտրել տակտիկական դասավորությունը՝ ելնելով ձեռքի տակ եղած խաղացողների հնարավորություններից:
-Բնականաբար, երկրորդ տարբերակը՝ հաշվի առնելով նաև մրցակցի ուժեղ և թույլ կողմերը:
[b]-Այդուհանդերձ, ունե՞ք նախընտրելի սխեմա, կամ առնվազն պաշտպանությունում հստակ դիրքորոշում. Խաղալ 4 կամ 5 պաշտպաններով:
[/b]
-Ես նախընտրում եմ խաղալ 4 պաշտպաններով, դա իմ խաղային մարտավարությունն է, բայց, եթե լինի անհրաժեշտություն, կապված հակառակորդի նախընտրած մարտավարության հետ, կարող ենք խաղալ և 5 պաշտպաններով:
[b][b]-Բնականաբար, հետևել եք Հայաստանի առաջնությանը: Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից և կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնք մինչ օրս չէին հրավիրվում, բայց կարող են համալրել մեր ազգային հավաքականը:
[/b][/b]
-Իհարկե հետևել եմ: Հաստատ լինելու են ֆուտբոլիստներ, որոնք նախկինում չեն հրավիրվել, բայց հիմա հրավիրվելու են: Չեմ ուզում կրկնվել, կամ շատ պարզունակ մտքեր արտահայտել, բայց հավաքականի դռները բաց են լինելու Հայաստանի առաջնությունում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների համար: Այս խաղից առաջ ժամանակը շատ քիչ է, և հիմա չենք կարող կտրուկ փոփոխություններ անել, բայց արդեն մյուս խաղից առաջ մենք կունենանք բավականաչափ ժամանակ: Ես բնակվելու եմ Հայաստանում, հետևելու եմ բոլորին, և ովքեր արժանի լինեն, անպայման հրավիրվելու են հավաքական:
[b]-Իսկ արտերկրում կա՞ն ֆուտբոլիստները, որոնք կարող են ուժեղացնել հավաքականը:
[/b]
-Այն, ինչ ասեցի Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների մասին, վերաբերվում է նաև արտերկրի ֆուտբոլիստներին: Եթե լինի մեկը, ով մեզ կհետաքրքրի և արժանի կլինի, անպայման կմեկնենք, տեղում կնայենք նրա մասնակցությամբ հանդիպումները և կմտածենք հետագա քայլերի մասին:
[b]-Երկար տարիներ աշխատել եք Շվեյցարիայում: Ի՞նչ գնահատական կտաք վերջին տարիներին Հայաստանում կառուցված ֆուտբոլային ենթակառուցվածքներին` համեմատելով Շվեյցարիայի հետ:
[/b]
-Ես հիացած եմ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքներով և պայմաններով, եղել եմ նաև Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում, «Բանանցի»մարզաբազայում, տեսել եմ Վանաձորի նորաբաց ակադեմիայի լուսանկարները: Կարող եմ ասել, որ տարբերությունն ահռելի է:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
22:08 13-05-2024
Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
3784 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2767 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2545 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ