211652_close_icon

Արդյունավետ հաղորդակցությունը կարող է կյանքեր փրկել

views-count1575 դիտում article-date 14:45 03-11-2016
Նոյեմբերի 1-2-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում PPRD East 2 ծրագրի շրջանակներում անցկացվել է «Համագործակցություն լրագրողների և հաղորդակցության փորձագետների հետ» խորագրով տարածաշրջանային աշխատաժողով՝ արտակարգ իրավիճակների ժամանակ լրագրողների հետ համագործակցության խնդիրների վերաբերյալ: Աշխատաժողովին մասնակցել են նաև ՀՀ ԱԻՆ նախարարության ներկայացուցիչները: Աղետների վերաբերյալ բնակչության իրազեկումը համարվում է աղետների ռիսկների նվազեցման (ԱՌՆ) և աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) կարևորագույն տարրերից: PPRD East 2 ծրագիրն աջակցում է Հայաստանին, Ուկրաինային, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ադրբեջանին՝ բարձրացնելու աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման կարողությունները: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության անդամ պետություններին կայունության ու անվտանության հաստատման, ինչպես նաև շրջակա միջավայրի, բնակչության, մշակութային ժառանգության, ռեսուրսների և տարածքային ենթակառուցվածքների պաշտպանության հարցերում: Աշխատաժողովի ընթացքում մասնակից պետությունների փորձագետներն ու ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց երկրներում աղետների կառավարման մեխանիզմները և քաղպաշտպանական կառույցների՝ ԶԼՄ-ների հետ համագործակցության մեթոդները: Միջոցառումը հնարավորություն է ընձեռել լրագրողներին, ինչպես նաև անդամ պետությունների քաղպաշտպանության ազգային մարմիների հաղորդակցության փորձագետներին վերլուծել ազգային մակարդակում ԶԼՄ-ների դերն ու պատասխանատվությունն ԱՌՆ և ԱՌԿ բնագավառներում, ինչպես նաև Սենդայի գործողությունների ծրագրի համատեքստում: Քննարկվել և վերլուծության են ենթարկվել նաև արդեն պատուհասած աղետների ժամանակ հաղորդակցության ոլորտում քաղած դասերը, նախանշվել են այն ուղիները, որոնցով հեռանկարում պետք է բարելավվեն լրագրողների և քաղպաշտպանության ազգային ծառայությունների միջև հաղորդակցության միջոցները:

Նմանատիպ նյութեր