211652_close_icon
views-count3856 դիտում article-date 21:25 02-11-2016

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի պորտֆոլիո ղեկավարին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային։ Նախարարը կարևորել է հիմնադրամի երկարամյա աջակցությունը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերին։ Համառոտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը` Վալերիա Գրիշեչկինան Լևոն Ալթունյանին տեղեկացրել է, որ 2003 թվականից մինչ օրս կնքված դրամաշնորհային համաձայնագրերի ծավալը կազմել է ավելի քան 60 միլիոն դոլար: Նա միաժամանակ շեշտել է, որ ֆինանսավորման նոր մոդելը հիմնվում է ազգային ծրագրերի և երկրների ներսում բոլոր հնարավոր գործընկերների միջև ակտիվ երկխոսության ծավալման վրա` գերակայությունների և ռեսուրսների առավել արդյունավետ ծախսման նպատակով: Ի դեպ, հիմնադրամը մշտական հսկողություն է սահմանում դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ։ 2015թ. հոկտեմբերի 1-ին մեկնարկած «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագիրը շարունակվելու է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը: 2016-2018թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին աջակցության մեկ այլ դրամաշնորհային ծրագիր է իրականացվում երկու նոր համաձայնագրով: Հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի աշխատանքը, ինչի մասին են վկայում նաև հիմնադրամի կողմից դրամաշնորհային ծրագրերի կատարողականների պաշտոնական գնահատման գերազանց արդյունքները: Վալերիա Գրիշեչկինան կարևորել է ՀՀ կառավարության մասնակցությունն այս ծրագրերի ֆինանսավորման գործում, ինչը հիմնադրամի կողմից ներկայացվող պարտադիր պայման է։ Այնուհետև հյուրը Լևոն Ալթունյանի հետ քննարկել է ռիսկային խմբերում ՄԻԱՎ վարակի արագ թեստավորմանը խոչընդոտող խնդիրները, մասնավորապես` «Լիցենզավորման մասին» ՀՀ գործող օրենքում և կարգերում որոշակի սահմանափակումների առկայությունը։ Նա անդրադարձել է նաև ՄԻԱՎ-ի և արյունային այլ վարակների կանխարգելման նպատակով ներարկային թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում վնասի նվազեցմանն ուղղված միջոցառումների կարևորությանը: Վալերիա Գրիշեչկինան նաև նշել է Հայաստանում գործող մեթադոնային փոխարինող բուժման կլինիկական ուղեցույցի` ԱՀԿ ուղեցույցներին համապատասխան վերանայման անհրաժեշտության մասին: Նախարարը հավաստիացրել է, որ հետամուտ կլինի բարձրացված խնդիրների լուծման գործում։ Կարևորելով իրականացվող ծրագրերի նպատակները` Լևոն Ալթունյանը վստահեցրել է, որ նախարարությունը համակարգված աշխատանքներ կտանի նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունքների հասնելու համար։

Նմանատիպ նյութեր