211652_close_icon
views-count2473 դիտում article-date 16:50 02-11-2016

Արմեն Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպմանը ներկա էին նաև դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեյվիդ Էթելը և պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանը: Հանդիպման նպատակն էր ներկայացնել երկկողմ համագործակցության վերաբերյալ դեսպանության մտադրությունները և քննարկել դրա հնարավոր ուղղությունները: Նախարար Ա. Երիցյանը, ողջունելով տիկին դեսպանին, շնորհակալություն հայտնեց այցելության համար, ներկայացրեց ԱԻ նախարարության հիմնական գործառույթները և միջազգային համագործակցության ոլորտները: -Մենք շատ արդյունավետ համագործակցություն ունենք տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ: Ինչպես գիտեք` անցյալ տարի մեր միջազգային թիմերը որակավորման բարդ քննություն հանձնելով դարձել են ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի անդամ: Նրանց համար անգլերեն լեզվի դասընթացները կազմակերպվել էին դեսպանատան աջակցությամբ, որոնք շատ օգտակար եղան և որի համար կրկին շնորհակալություն ենք հայտնում: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ ուրախ է լսել, որ իրենք կարողացել են օգտակար լինել և հայտնեց, որ ԱԻ նախարարության աշխատակիցների համար կազմակերպվող անգլերեն լեզվի դասընթացները շարունակական են լինելու: Առաջիկա դասընթացը կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ: Տիկին դեսպանն ընդգծեց, որ իրենք ԱԻՆ հետ փոխգործակցության ապագա ծրագրերում անպայման հաշվի կառնեն նախարարության գործունեության և զարգացման առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև կուզենան համագործակցության դաշտում ընդգրկել Վրաստանում գտնվող դեսպանության գործընկերներին: Նախարար Ա. Երիցյանը տիկին դեսպանին վստահեցրեց, որ ԱԻ նախարարությունը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ աշխատել բոլոր ուղղություններով` անհրաժեշտության դեպքում կանգնելով նաև դեսպանության կողքին:

Նմանատիպ նյութեր