211652_close_icon
views-count2078 դիտում article-date 19:31 01-11-2016

Բելգիայի Թագավորության Սենատի նախագահն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի հուշարձանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Քրիստին Դըֆրենյն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։ Քրիստին Դըֆրենյը, նշելով, թե Բելգիան առաջին երկրներից է, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հավելել է. «Մենք շարունակում ենք Սենատում մեր աշխատանքները եւ կարեւորում ենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, որն անհրաժեշտ է եւ զոհերի, եւ Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար։ Մենք ցանկանում ենք, որ մի օր հայկական եւ թուրքական համայնքները միասին հավաքվեն»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր