211652_close_icon

Ներկայացվեցին առողջ սնուցման հիմնահարցերը

views-count3101 դիտում article-date 21:55 30-10-2016
Ծաղկաձորում մեկնարկեց լրագրողների համար նախատեսված «Սնուցման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով 2-օրյա սեմինար-հանդիպումը: Միջոցառումը կազմակերպվել էր «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց առողջ սնուցման հիմնահարցերին նվիրված միջոցառումը, նշելով, որ առողջ ապրելակերպը գերակա ուղղություն է Հայաստանում, որի կարևորագույն բաղադրիչներից է առողջ սնուցումը: Անառողջ սնուցումը կարող է պատճառ դառնալ ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման, հանգեցնել դիմադրողականության անկման, վարակիչ հիվանդությունների նկատմամբ ընկալունակության բարձրացման, ֆիզիկական և մտավոր զարգացման խանգարման: «Պետք է կարողանալ հաղթահարել սովորույթները և խթանել առողջ սնուցումը, որը առողջ ապրելակերպի հիմքն է»,- նշեց նախարարի տեղակալը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային բարելավման, Հայաստանում սնուցման հիմնական քաղաքականությունների ու առաջնահերթությունների, սնուցման բարելավման գործում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ: Ցուցադրվեց նաև տեսաֆիլմ՝ նվիրված ֆերմերային տնտեսությունների և տեղական արտադրանքի խթանմանը: Նախաձեռնող կազմակերպությունը, շեշտադրելով թեմայի կարևորությունը և արդիականությունը, վստահեցրեց, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ՝ ներգրավելով շահագրգիռ մյուս գերատեսչություններին:

Նմանատիպ նյութեր