Տեղի կունենա «Մեր Սպենդիարյանը». միջոցառումների շարք՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 145-ամյակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ անցկացնում են հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք:
Միջոցառումների մեկնարկը կտրվի Ա. Սպենդիարյանի ծննդյան օրը՝ ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13:30-ին` կոմպոզիտորի շիրմին այցելությամբ (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակ):
Ժամը 14:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատոնի ճեմասրահում, կբացվի կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը ներկայացնող «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը։ Ցուցադրության բացումից անմիջապես հետո՝ ժամը 14:30-ին կկայանա համերգ, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները:
Նշենք, որ «Մեր Սպենդիարյանը» ցուցահանդեսը կգործի նույն վայրում մինչև նոյեմբեիի 20-ը: