Վաղարշապատում վարորդը փրկվել է Ճանապարհային ոստիկանների ու տեղի բժիշկների շնորհիվ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արտակ Հակոբյանը և Լեռնիկ Հովսեփյանը ծառայության ժամանակ նկատել են մի ավտոմեքենա և մոտենալով՝ նկատել են, որ այնտեղ գտնվող վարորդի ինքնազգացողությունը վատացել է:
ՃՈ աշխատակիցները իջեցնում են վարորդ Արթուր Սարգսյանին և իրենց ծառայողական մեքենայով վերջինիս հասցնում Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Մինչ բժիշկները կհետազոտեին հիվանդին՝ ՃՈ աշխատակիցները ավտոմեքենայի համարանիշների միջոցով հայտնաբերում են հիվանդի մորը և նրան նույնպես տեղափոխում հիվանդանոց:
Ժամեր անց բժիշկներին հաջողվում է հիվանդի ինքնազգացողությունը կարգավորել ու թեպետ բժիշկները հորդորում էին, որպեսզի հիվանդը մեկ օր մնա իրենց հսկողության տակ, սակայն նա հրաժարվում է:
Ա. Սարգսյանն ու նրա մայրը իրենց շնորհակալական խոսքն են հայտնում Ճանապարհային ոստիկաններ Ա. Հակոբյանին, Լ. Հովսեփյանին ու Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկներին, որոնց օպերատիվ և մարդասիրական գորոծողությունների արդյունքում կատարվեց բարի գործ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի