211652_close_icon
views-count2368 դիտում article-date 22:07 27-10-2016

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի Բևեռլի Հիլթոն հյուրանոցում

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված՝ Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է տոնական ընդունելությամբ, որը տեղի է ունեցել Բևեռլի Հիլթոն հյուրանոցի հանդիսասրահում: Տոնին մասնակցել են ամերիկյան դաշնային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: Ներկաներին ուղղված իր ողջունի խոսքում՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին այս կարևոր տոնի կապակցությամբ՝ բարգավաճում և նորանոր հաջողություններ մաղթելով Հայաստանին և Արցախին: Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով շնորհավորել է ամերիկահայերին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկահայ համայնքի բոլոր կազմակերպություններին, կառույցներին և միություններին` անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Տոնական երեկոյին մասնակցել են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը, Փոլ Կորտեզը, Սեբաստիան Ռիդլի-Թոմասը, Գլենդելի ոստիկանապետ Ռոբերտ Կաստրոն, Լոս Անջելեսում հավատարմագրված երկրների գլխավոր հյուպատոսներ,ԱՄՆ պետքարտուղարության Լոս Անջելեսի գրասենյակի տնօրեն Ջեյմս Փարավոնյանը, Մոնթեբելլոյի քաղաքապետ Ջեք Հաջիյանը, Կալիոֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Խաչո Աչաջյանը և այլք: Իր շնորհավորական խոսքում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ իրենց, նաև Սփյուռքի համար առաջնային պետք է լինի Հայաստանի տնտեսական զարգացումը, Արցախի անվտանգության ապահովումը և Թուրքիայի հակահայ քաղաքականության հակադարձումը: Երեկոյի մշակութային հատվածում կատարումներով հանդես են եկել Բելֆրի սիմֆոնիկ նվագախումբն ու «Գևորգյաններ» պարային համույթը:

Նմանատիպ նյութեր