Թումոյի ուսանողները ելույթ կունենան Նյու Յորքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թումոյի ուսանողական երաժշտական նախագծերից երեքը՝ էլեկտրո խումբ Pyramidz-ը, ավանգարդ-ֆոլկ Թմբաթան և փոփ Դեցիբելը մեկնել են Նյու Յորք՝ ելույթ ունենալու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյակին նվիրված «Հոգիս» մեծ համերգին: Համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ New York City Center-ում:
Ներկայացումը, որի գեղարվեստական ղեկավարն է ֆրանսահայ ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը, համատեղում է թումոցիների և Նոր Նորքի Հայորդաց տան սաների ելույթները: Պատանիները այժմ մասնակցում են ինտենսիվ համերգային փորձերին՝ ազատ ժամանակ պտտվելով քաղաքի գլխավոր տեսարժան վայրերով: Այցի ընթացքում խումբը արդեն հասցրել է այցելել ՄԱԿ-ի գրասենյակ և նույնիսկ ելույթ ունենալ գրասենյակի աշխատակիցների և պաշտոնյաների առջև:
«Մեզ համար համագործակցությունը ՀԲԸՄ-ի հետ շատ կարևոր է՝ այն երիտասարդությանը ծառայելու հսկայական ներուժ ունի: Այն, ինչի մենք հասնում ենք միասին շատ ավելի հզոր է քան այն, ինչ կարող էինք առանձին անել», - ասում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը:
Հիշեցնենք, որ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության արդյունքում 2015-ին բացվեցին և այդուհետ գործում են երկու Թումո կենտրոններ՝ Գյումրիում և Ստեփանակերտում: