211652_close_icon
views-count4496 դիտում article-date 17:14 26-10-2016

Վարչապետը հանձնարարականներ է տվել գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով: ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին՝ - Ներկայացնել մինչև ամսվա վերջ նախարարությունների, գերատեսչությունների կառուցվածքը, կազմը, գործառույթները՝ կրճատելով բոլոր ավելորդ գործառույթները: Տալ առաջարկություններ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների կրճատման, կենտրոնացման և գնումների վերաբերյալ: - Տալ առաջարկություններ, թե որ որոշումները և գործառույթները պետք է կատարվեն նախարարության մակարդակով և չտեղափոխվեն կառավարություն: - Կառավարության ընդունված ծրագիրն ադապտացնել նախարարություններին և գերատեսչություններին, մշակել հատուկ ծրագիր՝ պատասխանատուներով, ժամանակացույցով և համապատասխան միջոցառումներով: - Վերանայել հանձնարարականների կատարման կարգապահությունը և ժամկետները: Ապահովել հետադարձ կապ հասարակության հետ պաշտոնական կայքերի, պատասխանատու անձանց միջոցով: - Այսօրվանից սկսել աշխատանքները երկարատև զարգացման ծրագրերի վերաբերյալ: - Վերանայել բոլոր վարկային ծրագրերը, որոնք առնչվում են տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը՝ ուսումնասիրելով նպատակահարմարությունը և տալով հաշվելի գնահատականներ՝ պետք են, թե ոչ, ինչ օգուտ, մուլտիպլիկատիվ ինչ էֆեկտ են տալիս այդ նախագծերը: - Տալ առաջարկություններ՝ ինչ ներդրումային նախագծեր, ծրագրեր կարող են կատարվել համապատասխան ոլորտներում, ձևակերպել, նպատակահարմարության դեպքում տեղափոխել նոր ստեղծվող ներդրումային ֆոնդ: - Հասարակությանը և հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնել կատարված աշխատանքների մասին՝ ապահովելով հետադարձ կապը, ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում: - Յուրաքանչյուր նախարարության և գերատեսչության մասով ներկայացնել առաջարկ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է կառավարությունը գնահատելու աշխատանքի արդյունավետությունը՝ ներգրավելով անհրաժեշտ բոլոր հայտանիշները, այդ թվում նաև՝ ներդրումներ, աշխատատեղեր, մասնագիտական կրթական ծրագրեր, դրամաշնորհներ և այլն: - Արտաքին գործերի նախարարությանը՝ դեսպանատների աշխատանքների գնահատման մեջ հաշվի առնել հետևյալ ցուցանիշները՝ ներդրումները տվյալ երկրից, առևտրային շրջանառությունը, արտահանումը, ներմուծումը, զբոսաշրջությունն այդ երկրի և մեր երկրի միջև: - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ կանոնավոր կերպով տեղեկատվություն տրամադրել Հայաստանում իրականացվելիք ծրագրերի և նախագծերի վերաբերյալ, որպեսզի ՀՀ դեսպանատները, արտաքին բլոկը տեղյակ լինեն և որոշակիացնեն այդ նյութերի հետ աշխատանքը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ - Ստեղծել Ռազմավարական նախագծերի կենտրոն, տալ առաջարկություններ դրա կազմի, գործունեության վերաբերյալ: - Ամփոփել ԾԻԳ-երի և գնումների կենտրոնացման վերաբերյալ հանձնարարականը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ - Առաջարկություն ներկայացնել ներդրումային ֆոնդի ստեղծման, ինչպես նաև գույքի ներգրավման վերաբերյալ՝ գույք, որը կարելի է աշխատեցնել, և գույք, որը կարելի է օտարել՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և Զբոսաշրջության պետական կոմիտեին՝ - Ներկայացնել համարձակ, որակապես նոր հայեցակարգ տուրիզմի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ մոտ ժամանակներս Գյումրիի օդանավակայանում ունենալու ենք բյուջետային ավիաընկերություն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ - Մեր դեսպանատների հետ արտասահմանում ակտիվ աշխատանք կազմակերպել՝ ներկայացնելով բոլոր այն նախագծերն ու հետաքրքրությունները, որ ունենք տվյալ երկրում: Վերանայել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր ներկայացուցչությունները, տալ առաջարկություններ նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև դեսպանատների հետ քննարկել՝ ներկայացուցչությունների գործառույթները դեսպանատներ տեղափոխելու հարցը, որպեսզի ունենանք ֆինանսական միջոցների օպտիմալացում: - Մարզպետների հետ համատեղ աշխատել յուրաքանչյուր մարզում բիզնես միջավայրի, աշխատատեղեր ստեղծելու ծրագրերի հետ կապված: - Ձևավորել հարթակ և հետադարձ կապ, որի միջոցով գործարար համայնքը, հասարակությունը կարող են կապ հաստատել՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները, բողոքները, ծրագրերը: - Հայաստանում հավատարմագրված դեսպանների, ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ նախաձեռնողական աշխատանքներ կազմակերպել՝ տեղյակ պահելով մեր ծրագրերի մասին: ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ - Բուհերի և այլ կրթական հաստատությունների հետ վերանայել ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մասնագիտական հմտություններին, կիրառական հնարավորություններին, որոնք այսօր մեր հասարակությանը և մեր երկրին անհրաժեշտ են: - Հատուկ ուշադրություն դարձնել գյուղական համայնքներում կրթության խնդրին, ՏՏ ոլորտին: Մենք ունենք կառավարիչների մակարդակը որակապես փոխելու խնդիր: Եթե դա չենք փոխում, մենք նոր, լավ կյանք չենք ունենալու: ՀՀ մարզպետներին՝ - Յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը: - Համայնքների օժանդակությամբ, համայնքների հետ համատեղ պետք է կազմակերպվեն համայնքների զարգացման ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոշորացված համայնքներին և հիմք ստեղծել, որպեսզի այդ ծրագրերը լինեն կիրառական: - Բոլոր մարզպետները պետք է ներկայացնեն այն ծրագրերը, որոնք լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծում համապատասխան տրամաբանությամբ: - Մարզպետները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն կրթական և մասնագիտական բարձրացման ծրագրերին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում ֆերմերների վերապատրաստման նպատակով: - Գյուղատնտեսության, Կրթության և գիտության նախարարությունների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսումնասիրել, թե առկա կրթական ծրագրերը որքանով են կիրառական հմտություններ ու գիտելիքներ տալիս և մշակել մարզերում համապատասխան ծրագրեր՝ մասնագիտական բարձրացման նպատակով: - Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել ծրագիր՝ «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի գաղափարախոսությունն սկզբունքորեն փոխելու վերաբերյալ: - Ներկայացնել առաջարկություններ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է գնահատվելու մարզպետարանների աշխատանքը՝ նույնպես ներգրավելով ներդրումները, աշխատատեղերը, մարզից արտահանումը, բիզնես միջավայրը, կրթական ծրագրերը, զբաղվածության, սպորտի ոլորտը և այլն: Վարչապետը հանձնարարել է նաև իր աշխատակազմին՝ հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաև կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար: Կառավարության ղեկավարը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը և ամենօրյա աշխատանքը. «Մենք պետք է ցույց տանք մեր քաղաքացուն, որ աշխատում ենք իր պահանջով, իր սպասելիքներով, իրեն բավարարելու առումով»: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում լսումներ են կազմակերպվելու նախարարությունների և գերատեսչությունների, մարզպետարանների ներկայացրած ծրագրերի վերաբերյալ: «Մենք հստակ, յուրաքանչյուրս իր տեղում պետք է հասկանա՝ ինչ ակնկալիք ունի մոտ ժամանակ, ինչ հորիզոն ունի միջնաժամկետում և ինչ երկարաժամկետ երազանք հետագայի համար, ում միջոցով է դա անելու և ինչպես»: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ կառավարության կարճաժամկետ ծրագրի ռեալ կատարման համար պահանջվում է անմնացորդ ու արդյունավետ աշխատանք և հորդորել է հրաժարվել ձևականություններից, աշխատել ըստ էության և բովանդակալից:

Նմանատիպ նյութեր