211652_close_icon
views-count2295 դիտում article-date 14:29 24-10-2016

ԵՄ-ՀՀ բանակցվող նոր համաձայնագիրը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում մեկնարկել է «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շարքը, որի շրջանակում կանցկացվեն գործարարության զարգացմանը նվիրված հանդիպումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Եվրամիությունն իր գործունեության առանցքն է դիտարկում արևելյան գործընկերության երկրներում տնտեսական աճին օժանդակելը: Մենք հավատացած ենք, որ տնտեսական տոկունությունը առանձնակի ուշադրության կարիք ունի, ուստի սատարում ենք Հայաստանին այս հարցում»,- նշեց Պյոտր Սվիտալսկին: Նա շեշտեց, որ տնտեսության զարգացման համար կարևոր նշանակությոն ունի փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, ուստի ԵՄ-ն հատուկ միջոցառումներ կկազմակերպի նվիրված ՓՄՁ-ների զարգացմանը: Ես հանդիպել եմ նոր վարչապետի հետ. կարող եմ վերահաստատել, որ միասին աշխատելու և առավելագույն արդյունքի հասնելու փոխադարձ կամք կա՝ ի շահ ՀՀ տնտեսության»,- մանրամասնեց Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը նկատեց, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճը նոր տնտեսական աճ կապահովի: Այս առումով, ըստ Սվիտալսկու, ԵՄ-Հայաստան շրջանակային նոր համաձայնագիրը, որը դեռևս բանակցային փուլում է, կնպաստի լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ բերելուն: «Մենք համարում ենք, որ տնտեսական համագործակցությունը փոխշահավետ է: ԵՄ-ն, խթանելով տնտեսական աճը, որևէ միակողմանի ձգտումներ չունի։ Որքան հաջողված լինի ՀՀ տնտեսությունը, այնքան լավ ԵՄ համար»,- ամփոփեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր