211652_close_icon
views-count4729 դիտում article-date 15:03 22-10-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի` Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Որպես ոլորտի գլխավոր պատասխանատու` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆերմերներին, գյուղատնտեսներին, վերամշակող արդյունաբերության ճյուղի աշխատակիցներին, գիտնականներին, գործարարներին և ոլորտի բոլոր աշխատողներին ողջ տարվա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար: Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ մասնաբաժին ունեցող ճյուղերից է, միևնույն ժամանակ ոլորտում առկա են համակարգային խնդիրներ, ագրոբարեփոխումները մեզանում այլևս այլընտրանք չունեն, մենք միասին պետք է առաջ շարժվենք, գյուղոլորտում քայլ առ քայլ ձևավորենք բիզնես վարելու նոր մտածողություն և նոր մշակույթ, գործուն քայլեր իրականացնենք «պետություն-արտադրող-վերամշակող» շղթայի կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: Մաղթանքս է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ միայն հանապազօրյա հացի և գոյատևման խնդիր լուծի, այլ դառնա եկամտաբեր գործունեություն, որն արժանապատիվ կեցություն կապահովի և հաջողակ բիզնես կդառնա: Ցանկանում եմ, որ հայ գյուղացին երկու ոտքով ամուր կանգնի հայրենի հողի վրա, զբաղվի իր սիրած աշխատանքով և լիարժեքորեն հոգա իր ընտանիքի կարիքները` վաղվա օրվա հանդեպ վստահության զգացումով: Հավաստիացնում եմ, որ սրանք պարզապես բարի ցանկություններ չեն, գյուղացու հոգսերն ու խնդիրները միշտ լինելու են առաջնահերթությունների շարքում, և մենք իրականացնելու ենք զարգացման ծրագրեր՝ ոլորտն առավել բարենպաստ և շահութաբեր դարձնելու հեռանկարով: Իհարկե ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, սակայն լիահավատ եմ` համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության և լուրջ ձեռքբերումների: Վերստին շնորհավորում եմ այս հիշարժան օրվա առթիվ` մաղթելով առողջություն, բարեկեցություն, առաջընթացի ձգտում, վստահություն սեփական ուժերի և հավատ երկրի ապագայի հանդեպ»։

Նմանատիպ նյութեր