211652_close_icon
views-count3703 դիտում article-date 12:44 19-10-2016

ՀՀ գյուղնախարարն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին՝ երկկողմ համագործակցությունը քննարկելու նպատակով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք: «Ես տեղյակ եմ, որ Հայաստանի և Լիբանանի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են սերտ հարաբերություններ, Լիբանանի դեսպանատունը ձեռնարկում է մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, լիբանանցի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու գործում: Կցանկանայի շեշտել, որ մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ համագործակցել տարբեր ուղղություններով և քննարկման առարկա դարձնել ներկայացվող առաջարկները», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Որպես համագործակցության հնարավոր ուղղություն` նախարարն առաջարկել է ուսումնասիրել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը: Դեսպան Ժան Մաքարոնն իր հերթին համառոտ ներկայացրել է լիբանանյան գործարարների կատարած ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում` հատկապես կարևորելով «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականի մայիսին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ: Հյուրը նաև տեղեկացրել է, որ լիբանանցի գործարարները ներկայումս մեծապես հետաքրքրված են ներդրումներ իրականացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես` կարտոֆիլի վերամշակման ոլորտում: Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընդլայնման և նոր գործարար կապերի հաստատման հարցում: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր