ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է ԱՊՀ հայ համայքների ղեկավարների հավաք-հանդիպում
Հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌՀՄ և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահներ Վլադիմիր Աղայանին, Արամ Սարգսյանին, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանին և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) տարածաշրջանային բաժանմունքների նախագահներին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ, որ հավաքվել եք Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովին, որոնք կարծում եմ, լուրջ արդյունքներ կտան: Այսօր մենք պետք է կարողանանք համախմբել Սփյուռքի ներուժը՝ նպաստելով Հայրենիքում ներդրումային քաղաքականության զարգացմանը: Առաջնահերթ եմ համարում Ռուսաստանում հայապահպանության հիմնախնդիրը: Մեր ամենամեծ համայնքը կանգնած է հայոց լեզվի պահպանման, երիտասարդության հայեցի դաստիարակման մարտահրավերի առջև: Ուծացումը կանխելուն են միտված մեր համատեղ ծրագրերը: Կարևորում եմ երիտասարդների ակտիվ մասնակցությունը Սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին»:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի հայկական համայնքին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայրենիքի կողքին լինելու և օգնություն ցուցաբերելու համար:
ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարները ներկայացրին համայնքում առկա հիմնախնդիրները, առաջիկա ծրագրերը, քննարկվեցին հայոց լեզվի պահպանման, համայնքի իրավական և կրթամշակութային խնդիրները, ինչպես նաև անդրադարձան ուսուցիչների վերապատրաստման, համայնքներին դասագրքերով ապահովելու խնդիրներին:
Ցուցադրվեց Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ: