Հյուսիսային Օսեթիայից ՌԴ ԱԻՆ օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ժամը 19.01-ին օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:
Նրանց դիմավորեցին հարազատներն ու մտերիմները։ Օդանավակայանում հատուկ չվերթով ինքնաթիռի ուղևորներին դիմավորելու էր եկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նախարարն ընդգծեց, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։
Վթարից տուժած այն ուղևորները, ովքեր տրանսպորտի կարիք ունեին, նախարարության տրամադրած մեքենաներով տեղափոխվեցին իրենց բնակավայրեր։
Բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող ուղևորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
***
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ՌԴ ԱԻՆ օդանավով Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների` Երևան ժամանող 27 ուղևորների ցանկը: Նույն օդանավով Հայաստան կտեղափոխվի նաև պատահարի հետևանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի դին:
ՌԴ ԱԻ նախարարությունն այդ նպատակով հատկացրել է ԱՆ-148 մակնիշի օդանավ:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Հյուսիսային Օսեթիայից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:
Ժամը 17.47-ին օդանավը մեկնել էր Բեսլանից: