211652_close_icon
views-count1342 դիտում article-date 15:52 14-10-2016

20 երկրի 40 պատվիրակ` «Եվրոդիպի» 23-րդ տարեկան համաժողովին

Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո գործող՝ "Եվրոդիպ" հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Համաժողովն այս տարի անցկացվում է "Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր" խորագրի ներքո: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, "Եվրոդիպի" տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ-ի) տնօրեն Վիլգելմ Հյուգոն: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանում նման համաժողով գումարելու համար: "Երևանում նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման առումով, որովհետև տուրիզմը և հատկապես զբոսաշրջային կրթության զարգացումը մեր երկրի գերակա ուղղություններից է: Սա այն մասնագիտություններից է, որն անմիջապես կապված է աշխատաշուկայի հետ: Հույս ունենք, որ համաժողովից հետո և՛ նոր գործընկերներ կգտնենք կրթության ոլորտում, և՛ ձևավորված արդյունքի հիման վրա կրթական չափորոշիչների, ծրագերի մեջ կորդեգրենք նոր ձևաչափեր: Մենք հատկապես կարևորում ենք միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի այն հատվածը, որոնք անմիջապես առնչվում են ենթակառուցվածքների զարգացման, սպասարկման որակի մեծացման հետ: Անելիքներն այս առումով շատ են. երկիրը իսկապես փորձում է գերակա այս ուղղությունը բերել նոր աստիճանի, և այդ ճանապարհին կարևորագույն բաղադրիչներից մեկը տուրիզմի կրթության որակի բարձրացումն է: Դրա համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ, վերապատրաստված որակյալ դասախոսներ, և այս իմաստով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ իսկապես կարևոր է: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին և հատկապես Եվրամիությանը, որոնք տարիներ շարունակ աջակցում են հատկապես այս ոլորտի զարգացմանը",-նշել է նախարարը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն և գործնական արդյունքներ: Նշենք, որ Հյուրընկալության և զբոսաշրջային կրթության ասոցիացիան՝ "Եվրոդիպը", ոլորտի ամենահեղինակավոր ցանցերից մեկն է աշխարհում։ Կառույցին անդամակցում են շուրջ 40 երկիր և 100-ից ավելի կրթական հաստատություններ, որտեղ սովորում են ավելի քան 150000 ուսանող: Հայաստանում "Եվրոդիպի" 23-րդ համաժողովն անցկացնելու որոշումը կայացվել է 2013 թվականի հոկտեմբերին, "Եվրոդիպի" տնօրենների խորհրդի նիստում: Համաժողովի մասնակցության համար Հայաստան են ժամանել "Եվրոդիպի", Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ` Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Սենեգալից, Ռուսաստանից, Պակիստանից, Հորդանանից, Ղազախստանից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Թուրքիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից։

Նմանատիպ նյութեր