Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը
Սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք հստակեցված մոտեցումներ և կառավարությունն այդ հարցին անդրադարձ կկատարի»,- ասել է նախարարը: Հարցին՝ սակագները որքան կնվազեն, նախարարն ասել է, որ այդ հարցն այս պահին պատասխան ունենալ չի կարող:
Հիշեցնենք, որ Կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀԾԿՀ-ին, էներգետիկայի ու բնական պաշարների, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել էր համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ: