211652_close_icon
views-count1222 դիտում article-date 19:27 13-10-2016

«Հայաստանի փոքրիկ երգիչները»  Եվրոպայում ներկայացրել են ՀՀ 25-ամյա անկախության սերունդը

Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված  «Անկախության սերունդ» խորագրով համերգային շրջագայություն է կատարել եվրոպական մի շարք երկրների, այդ թվում Գերմանիայի, Դանիայի, Բելգիայի և Նիդերլանդների 9 քաղաքներում։ Երգչախմբի համերգային շրջագայության վերաբերյալ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հրավիրված մամուլի ասուլիսին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով փոքրիկ երգիչներին բացառիկ համերգաշարի և հաջող ելույթների համար, ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է երաժշտական և արվեստի դպրոցների ու մշակութային կենտրոնների մասնակցությունը միջազգային հարթակներում և մշտապես աջակցում նման ծրագրերին: «Հատկապես հետաքրքրական և ուրախալի է, որ համերգների հանդիսատեսը, լինելով տեղի երաժշտասեր և մշակույթն արժևորող հասարակությունը, բայց ոչ հայ համայնքը, իր համար նորովի է բացահայտում մեր երկիրն ու Երևանը: Եվրոպական շրջագայությունը նաև դիվանագիտական կարևոր նշանակություն ունի կապերի ընդլայնման և զարգացման տեսանկյունից: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը վաղուց արդեն այցեքարտ է մեզ համար: 2015թ. տարբեր երկրներում փայլուն ելույթներ եղան նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում: Անկախության 25-մյակին նվիրված եվրոպական համերգաշարը այլ կարևորություն է ունեցել. անկախության սերունդը յուրովի ներկայացրել է անկախությունը»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին մշտական աջակցության և հոգատար վերաբերմունքի համար, նշել է, որ բոլոր հաջողությունները մեծապես կախված են այն պայմաններից և այն մթնոլորտից, որտեղ աշխատում է երգչախումբը: «Համերգաշարը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ուներ, նախ, որ այն նվիրված էր ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին և արտերկիր էինք մեկնել մեր երկիրը ներկայացնելու առաքելությամբ և երկրորդ՝ երգչախումբը ելույթ ունեցավ աշխարհի հռչակավոր բեմերում, որոնք ոչ բոլորին են հասու: Համերգներն ունեին նաև իրենց քաղաքական նշանակությունը և պատահական չէ, որ տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանին ուղղված գովեստի բազմաթիվ խոսքերով և համագործակցության նոր հրավերներով ենք վերադարձել Երևան»,-նշել է Տիգրան Հեքեքյանը: Շրջագայության ընթացքում փոքրիկ երգիչները ելույթ ունենալով ամենահայտնի և անվանի բեմերում՝ երգացանկում ներկայացրել են 5-րդ դարի հայակական շարականներից մինչև միջնադարյան և ժամանակակից դասական երաժիշտների ստեղծագործություններ: Ասուլիսի մասնակից ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանն իր հերթին ևս շնորհավորելով փոքրիկ երգիչներին՝ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունն ու անկախության սերնդին լավագույնս ներկայացնելու համար:

Նմանատիպ նյութեր