211652_close_icon
views-count1528 դիտում article-date 20:10 12-10-2016

Աստանայի Արվեստի «Շաբըտ» ազգային համալսարանի համերգասրահում կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ

Հոկտեմբերի 6-ին Աստանայի Արվեստի «Շաբըտ» ազգային համալսարանի համերգասրահում Աստանայի ֆիլհարմոնիայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Համերգին ներկա էին Աստանայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցչություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, խորհրդարանի պատգամավորներ, Սահմանադրական խորհրդի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկաների թվում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սուրեն Կարայանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՂՀ ԱԳ փոխնախարար Գալըմժան Կոյշըբաևը, հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բեյբիթ Մամըռաևը, ՂՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանը, Արվեստի «Շաբըտ» ազգային համալսարանի ռեկտոր Այման Մուսախոջաևան և այլ պաշտոնատար անձինք: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանն ամփոփ ներկայացրեց Հայաստանի անկախության ուղին, պետականակերտման ճանապարհին արձանագրված հաջողությունները և երկրի առջև ներկայումս ծառացած մարտահրավերները: Համերգին հնչեցին Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Միքայել Թարիվերդիևի, Գազիզա Ժուբանովայի, ղազախահայ կոմպոզիտոր Մարիաննա Օստանկովիչի ստեղծագործությունները, այդ թվում` «Աստանա-օպերա»-ի առաջատար մեներգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Դաբաղյանի կատարմամբ:

Նմանատիպ նյութեր